Մատչելիության հղումներ

Երևանը դրսևորել է քաղաքական կամք Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ․ Փաշինյան


«Լաչինի միջանցքով երթևեկությունը շարունակում է մնալ խաթարված»

Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, և Լաչինի միջանցքով երթևեկությունը շարունակում է մնալ խաթարված, երեկ Բեռլինում, Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդում «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդգծելով, որ թեև բնական գազի մատակարարումը վերականգնվել է, սակայն Էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 9-ին, դեռևս չի վերականգնվել, սննդի մատակարարումները դեռևս իրականացվում են կտրոններով, իսկ մարդիկ զրկված են հրատապ բժշկական օգնության հնարավորությունից։

Վարչապետի խոսքով՝ միայն Կարմիր խաչը և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեն սահմանափակ քանակությամբ սնունդ և կենսական նշանակության ապրանքներ հասցնել Լեռնային Ղարաբաղ, իսկ բժշկական շտապ միջամտության կարիք ունեցող մարդկանց տեղափոխել Հայաստանի հիվանդանոցներ։

Հաագայի դատարանը փետրվարի 22-ին մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

«Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ, հայտարարեց Փաշինյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարությունը, թե Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։

«Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում», - ասաց գործադիրի ղեկավարը։

«Երևանը կառուցողականորեն ներգրավված է Հայաստան-Ադրբեջան բանակցություններում»

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանի կառավարությունը դրսևորել է քաղաքական կամք և վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ՝ շեշտելով՝ Երևանը կառուցողականորեն ներգրավված է Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։

«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով. համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն», - ասել է գործադիրի ղեկավարը՝ վերահաստատելով՝ Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։

Փաշինյանը վերահաստատել է՝ Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծման կարևորությունը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն:

«Խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է, և ես կցանկանայի ադրբեջանական հանրությունից ևս ստանալ որոշ աջակցություն», - հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ ելույթից հետո պատասխանելով ադրբեջանցի ներկայացուցչի հարցին:

«Միջազգային հանրությունից իմ ակնկալիքն այն է, որպեսզի այն հստակ ցույց տա, որ որևէ պրովոկացիա` կստանա միջազգային հանրության շատ կոպիտ արձագանքը, և շատ կարևոր է, որպեսզի պահպանվի կայունությունը։ Շեշտում եմ` կապ չունի Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից, քանի որ հիմա մենք տարածաշրջանում ունենք դիտորդներ, և այժմ կարիք չի լինի, որպեսզի ԵՄ-ն հարցնի, թե որ կողմն էր նախաձեռնողը», - հանդիպման նույն հատվածում ասել է Փաշինյանը:

«Մենք միջազգային հանրության, մեր տարածաշրջանի ազգերի աջակցության կարիքն ունենք, և պատրաստ ենք կրել այդ պատասխանատվությունը, մինչև որ կհասնենք վերջնական և կայուն խաղաղության։ Եվ վերջերս ես հայտարարեցի մեր խորհրդարանում և կառավարությունում, որ ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի։ Դա պետք է մեր տարածաշրջանի համար իրական և հարատև խաղաղության փաստաթուղթ լինի, և ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը` հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր հայ ռազմագերիների վերադարձը և միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, շարունակում են մնալ չլուծված»

Հումանիտար բնույթի հիմնախնդիրները, ինչպիսիք են՝ բոլոր հայ ռազմագերիների վերադարձը և միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, շարունակում են մնալ չլուծված, ասել է գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ առաջնային մտահոգության հարցեր են։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի շարունակական խախտումները, քանի որ առնվազն 33 հայ ռազմագերի դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ միանգամայն մտացածին մեղադրանքներով։ Այն, որ Ադրբեջանը մերժում է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնել, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի հերթական խախտումն է», - հայտարարել է Փաշինյանը։

«Պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»

«Տարածաշրջանային խաղաղության մեր տեսլականի մեկ այլ ասպեկտը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է», - ասել է Հայաստանի վարչապետը՝ վստահեցնելով. - «Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Մենք հույս ունենք ամբողջությամբ բացել մեր ընդհանուր սահմանը, որը միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին Թուրքիայի կողմից»։

«Մենք ունենք առաջ շարժվելու մի քանի փոքր, բայց հուսադրող նշաններ», - ասել է Փաշինյանը՝ նշելով, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները 2022 թվականի հուլիսին պայմանավորվել են օդային բեռնափոխադրումներ հաստատելու շուրջ և երրորդ երկրների քաղաքացիների համար միջպետական սահմանները բացել. - «Հունվարին վերացվել է Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը, և մենք հուսով ենք, որ շուտով կբացվի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար»։

Նա հիշեցրել է իր հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ 2022 թվականին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որտեղ քննարկվել են հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

«Վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանն արագ արձագանքեց։ Ես զանգահարեցի նախագահ Էրդողանին ցավակցություն հայտնելու համար և առաջարկեցի մեր աջակցությունը։ Դրանից հետո տուժած շրջաններ ուղարկեցինք մարդասիրական օգնություն և փրկարարական խումբ։ Շատ կարևոր է փաստել, որ մարդասիրական օգնության երկու շարասյուն Թուրքիա է մտել սահմանային կամրջով, որը 30 տարի շարունակ փակ է եղել։ Մեր փրկարար ջոկատը Հայաստան է վերադարձել այդ նույն կամրջով։

Հայաստանի արտգործնախարարն այցելեց Թուրքիա, հանդիպեց իր գործընկերոջը և վերահաստատեց հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու մեր պատրաստակամությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով. - «Թեև վերջին շփումները, իհարկե, զուտ մարդասիրական բնույթի էին, մենք, այնուամենայնիվ, ուրախ կլինենք տեսնել նաև քաղաքական արդյունքներ»։

Ելույթից հետո պատասխանելով հարցերին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը երբեք որևէ նախապայման չի ունեցել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար: «Եվ անկեղծ ասած, նույնիսկ վստահ չեմ` արդյոք այդ մասին խոսելը ճի՞շտ է, թե՞ ոչ հիմա, բայց կարծում եմ, որ այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է, որովհետև Ադրբեջանը մշտապես հորդորում է Թուրքիային չհաստատել հարաբերություններ Հայաստանի հետ։ կարևոր նրբությունները», - ասել է Փաշինյանը:

ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հիմքը ժողովրդավարությունն է

Վարչապետն ընդգծել է, որ Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին:

«Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի նոր կարևոր ձևաչափի մասին՝ Քաղաքական և անվտանգության երկխոսությունը, որի անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ անցյալ հունվարին Երևանում։ Հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի և որոշակի ոլորտներում մեր համագործակցության խորացման հեռանկարների շուրջ քննարկումը ոչ միայն ժամանակին էր, այլև զգալիորեն հարստացրեց ԵՄ-ի հետ մեր տարաբնույթ գործընկերության օրակարգը», - ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հիմքը ժողովրդավարությունն է։ «Վերջին «Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման ինդեքս»-ի համաձայն, Հայաստանը գլխավորել է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը ԱլԳ անդամ երկրների շարքում և առաջատար է հետևյալ 5 ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, անկախ դատական համակարգ, կարծիքի և խոսքի ազատություն, հավաքների և միավորման ազատություն, անկախ լրատվամիջոցներ և ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը և վստահեցրել. - «Չնայած բոլոր մարտահրավերներին, մենք հավատում ենք, որ մեր անվտանգային ճարտարապետությունը չի կարող լինել համապարփակ առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, օրենքի գերակայության և ժողովրդավարության: Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է։ Մենք շարունակելու ենք բարեփոխումները, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին՝ նպատակ ունենալով ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը»:

Վարչապետը խոսել է 2018 թվականի հեղափոխության, 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք «ապացուցեցին, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացման ուղին անշրջելի է»։ «Այս առումով, 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին. սա առաջին դեպքն էր, երբ ընտրությունները Հայաստանում ծառայեցին որպես քաղաքական ճգնաժամից դուրս գալու գործիք», - ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով. - «Սովորաբար ընտրությունները մեր երկրում քաղաքական ճգնաժամ էին առաջացնում, դա այդպես էր 1994-ից մինչև 2018 թվականը»:

«Արդյո՞ք ժողովրդավարությունը կարող է անվտանգություն ապահովել»

«Բայց 2018-ի ժողովրդավարական հեղափոխությունից հետո այս էջը փակված է, իսկ Հայաստանը հիմա միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական երկիր է։ Այնուամենայնիվ, անվտանգային վերջին մարտահրավերները լուրջ հարցադրումներ են առաջացնում՝ արդյո՞ք ժողովրդավարությունը կարող է անվտանգություն ապահովել:

Արդյո՞ք հայկական ժողովրդավարությունն ունակ է ապահովել անվտանգություն, սա հարց է, որն իրավացիորեն հուզում է այսօր հայ հասարակությանը և խնդիր, որը պետք է հասցեագրվի մեր կառավարության կողմից», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. - «Մեր տարածաշրջանում իրավիճակը գնալով դառնում է ավելի ու ավելի բարդ, որովհետև Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի, զարգացումների պատճառով ամբողջ միջազգային ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա։ Այդ պատճառով, Ուկրաինայում ճգնաժամի ընթացքում մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Նախ, 2021թ. մայիսին Ադրբեջանը ներխուժեց Լեռնային Ղարաբաղի տարածք, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, և դրանից հետո մենք մեծ ճգնաժամ ունեցանք 2022թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Հայաստանի հանդեպ»։

«Այս զարգացումների համար կան բազմաթիվ գործոններ, բայց ամենակարևոր գործոնն այն է, որ միջազգային հանրության ամբողջ ուշադրությունը սևեռված էր կամ սևեռված է Ուկրաինայի վրա։ Եվ դա մեր տարածաշրջանում անկայունության համար է՛լ ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG