Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքում ռենտգեն սարքի տեղադրումն անընդունելի է․ ընդդիմադիր պատգամավոր


Լաչինի միջանցքում ռենտգեն սարքի տեղադրումն անընդունելի է և դա հերթական դիվանագիտական պարտությունը կլինի, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի ընդդիմադիր «Արադարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ շեշտելով՝ որևէ լրացուցիչ խոչընդոտ Լաչինի միջանցքում իրենց համար անընդունելի է։

Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետերի ստեղծում չի նախատեսում։ Նա, սակայն, չէր բացառել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի վրա տեխնիկական ստուգման հավելյալ միջոցների ներդրումը։

Օրեր առաջ էլ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էր լրագրողների հետ զրույցում ասել․ - «Որքանով տեղյակ եմ, առաջին հերթին քննարկվում է բեռնատար մեքենաների ռենտգեն սարքի անցկացումը, որը հնարավորություն կտա ադրբեջանցիներին որևէ ձևով, կարծես թե այս պահին մինչև վերջ քննարկված չէ, վերահսկելու, թե ինչ ապրանքներ են մուտք գործում դեպի Արցախ»։

Ըստ Գալստյանի՝ եթե ռենտգեն սարքն այնուամենայնիվ տեղադրվի, դա միանշանակ պարտադրված որոշում կլինի, իսկ իշխանություններն, արցախցի ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, պարտադրված որոշումներ առաջին անգամ չէ որ կայացնում են։

«Ազատություն»․ - Այսինքն՝ համաձայնություն կտա՞ն, որ այդտեղ ռենտգեն սարքեր դրվեն, ի՞նչ եք կարծում։

Գալստյան․ - Իշխանությունները ժողովրդի թիկունքում, եթե դրանք բանակցություններ են, ժողովրդի թիկումքում են անում դա։ Թե՛ ընդդիմությանը, թե՛ ժողովրդին հայտնի չէ, թե ինչ են խոսում իրականում։ Այսօր մենք մեր դիրքորոշումը թե՛ հրապարակային, թե՛ առանձին Արցախի նախագահին հայտնել ենք, և եթե Արցախի նախագահը հանրության լայն աջակցությունը չունի այդ հարցում և չի քննարկվում, հանրային շրջանակներում լայն քննարկումներ, կոնսուլտացիաների արդյունքում չծնվի այդ որոշումը, հնարավոր է, որ, այո, միակողմանի որոշում կայացնեն, դնեն այդ ռենտգեն սարքը, բայց նորից եմ կրկնում՝ դա անընդունելի է և դա հերթական դիվանագիտական պարտությունն է։

«Ազատություն»․ - Արձանագրենք՝ ոչ մի պարագայում ընդդիմության համար ընդունելի չէ ռենտգեն սարքի տեղադրումը Լաչինի միջանցքում։

Գալստյան․ - Խոսքը ռենտգեն սարքի վերաբերյալ չէ մենակ, որևէ լրացուցիչ խոչընդոտ այդ ճանապարհին ստեղծելը։ Չկենտրոնանանք ռենտգեն, կարող է ռենտգեն սարք չլինի, անցակետ լինի, դա լրացուցիչ խոչընդոտ է, և որևէ խոչընդոտ լրացուցիչ մեր համար անընդունելի է։

«Ազատություն»․ - Իսկ եթե հանկարծ այդ ռենտգեն սարքերը դրվեն, ինչ որ քայլեր դուք կձեռնարկե՞ք, կամ ժողովուրդը կընդվզի՞ դրա դեմ, թե ոչ։

Գալստյան․ - Ես չեմ ուզում հանգամանքներից առաջ ընկնեմ։ Նախ պետք է ճանապարհը բացվի, հետո նոր մնացած հարցերի շուրջ քննարկումներ լինեն և տեսնենք մենք՝ էդ ռենտգեն սարք կոչեցյալը ով և ինչ պահանջով է դնում, ինչ ձևի են փորձում դնել, բայց միևնույն ժամանակ ես համոզված եմ, որ դա Արցախի, արցախահայության շահերից չէ, և եթե այդ ռենտգեն սարքը տեղադրվի, դա միանշանակ պարտադրված որոշում է, իսկ իշխանությունները պարտադրված որոշումներ առաջին անգամ չէ որ կայացնում են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG