Լաչինի ճանապարհի ռեժիմն ու նրա ֆունկցիաները պետք է ամբողջովին համապատասխանեն եռակողմ առաջին հայտարարությանն՝ ընդունված 2020-ի նոյեմբերի 9-ին, Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Դա նշանակում է՝ կարևոր է ապահովել քաղաքացիական և հումանիտար բեռների, քաղաքացիական անձանց տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Մեր շփումներում ձգտում ենք հասնել դրան, առաջին հերթին խաղաղապահ զորակազմի գծով։ Որևէ հսկիչ անցակետի տեղադրում այնտեղ չի դիտարկվում։ Բայց հնարավորության կա տեխնիկական միջոցներով փարատելու կասկածները, թե միջանցքն ըստ նպատակի չի գործում։ Մենք այսօր անդրադարձել ենք դրան։ Տեխնիկական դետալները, ըստ կարևորության, երկրորդական են»,- ընդգծել է Լավրովը։
Անցած ուրբաթ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել էր նաև Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացման հարցը։ Թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ուղղությամբ, հստակ չէ։ Արդեն 79 օր Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը։