Մատչելիության հղումներ

ԵՄ դիտորդների տեղակայումը Հայաստանում ոչ մեկի դեմ ուղղված չէ․ Կլաարի արձագանքը Կրեմլին


Հայաստանում ԵՄ 100 անզեն դիտորների տեղակայումը ոչ մեկի դեմ ուղղված չէ, այն այստեղ է միայն խաղաղությանն աջակցելու նպատակով, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն՝ այսպես արձագանքելով Կրեմլից հնչող հայտարարություններին, թե Եվրամիության դիտորդների տեղակայումը Հայաստանում կարող է Կովկասը դարձնել Ռուսաստան-Արևմուտք հակամարտության հարթակ:

Ըստ Կլաարի՝ դա կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանն իր սեփական գործողություններով այն հրահրի։

Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Կրեմլը, մասնավորապես, գուժում է, որ Եվրամիության դիտորդների տեղակայումը Հայաստանում կարող է Կովկասը դարձնել Ռուսաստան - Արևմուտք հակամարտության հարթակ:

Կլաար․ - Դե, ես դժվարությամբ եմ տեսնում, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ, բացառությամբ, եթե Ռուսաստանը դա հրահրի իր սեփական գործողություններով: Մենք հարյուր հոգուց բաղկացած անզեն առաքելություն ունենք, որն այստեղ է՝ միայն ավելի մեծ վստահություն և կայունություն խթանելու նպատակով: Այն ոչ մեկի դեմ ուղղված չէ։ Այն այստեղ է միայն խաղաղությանն աջակցելու նպատակով: Եվ ես հույս ունեմ, որ ռուս գործընկերները նույնպես դա ի վերջո կհասկանան, որովհետև ասել, թե անզեն դիտորդական առաքելությունն ուղղված է որևէ մեկի դեմ, իրականում նշանակում է աղավաղել փաստերը:

«Ազատություն»․ - Ի դեպ, որոշ փորձագետներ կանխատեսում են սադրանքներ Եվրամիության դիտորդների և ռուս սահմանապահների միջև, ինչպես Դուք նշեցիք:

Կլաար․ - Հույս ունեմ, որ նման բաներ չեն լինի։ Մենք այստեղ ենք Հայաստանի կառավարության հրավերով։ Մեր այստեղ գտնվելը համաձայնեցված է Հայաստանի իշխանությունների հետ։ Եվ առաքելությունն այստեղ է, որպեսզի աշխատի աջակցել Հայաստանին և աջակցել Ադրբեջանին խաղաղության գործընթացում: Եվ ես հույս ունեմ, որ ռուսները նույնպես կաջակցեն այդ ջանքերին:

«Ազատություն»․ - Ռուսաստանը նաև շեշտում է, որ դիտորդական առաքելությունը չի համաձայնեցվել Ադրբեջանի հետ:

Կլաար․ - Առաջին հերթին, շատ լավ է, որ Ռուսաստանը այդքան մտահոգված է դրանով։ Իրականում ես այնպիսի զգացողություն ունեմ, որ երբեմն Ռուսաստանին դա ավելի շատ է մտահոգում, քան Բաքվին։ Մենք հետևողական կապի մեջ ենք եղել Ադրբեջանի հետ այս առաքելության, դրա տեղակայման մեր ծրագրերի վերաբերյալ։ Ու մենք Ադրբեջանին տեղյակ ենք պահում, թե ինչ է անում առաքելությունը և ինչ ծրագրեր ունի այն։ Այնպես որ, թեև ես գնահատում եմ Մոսկվայի մտահոգությունները, կարծում եմ, որ մենք ինքներս ունակ ենք կառավարելու մեր հարաբերությունները Բաքվի հետ այս հարցում։

«Ազատություն»․ - Պարոն Կլաար, այս առաքելությունն ընդլայնելու հեռանկար կա՞:

Կլաար․ - Այն նոր է սկսվել։ Իսկ թե ինչպես կզարգանա, կտեսնենք։ Իհարկե, մենք բաց ենք նաև այդ առաքելությունը, օրինակ, սահմանի ադրբեջանական կողմում տեղակայելու գաղափարին։ Բայց մինչև այժմ Ադրբեջանն այն կարծիքին է, որ չի ցանկանում մեզ այնտեղ տեղակայել։ Դա նրանց ընտրությունն է։ Հայաստանի ընտրությունը մեր առաքելությունն այստեղ ունենալն է։ Բայց թե ապագան ինչ կբերի, կտեսնենք։

«Ազատություն»․ - Նկատի ունեմ Եվրամիության զինված ներկայությունը տարածաշրջանում ապագայում:

Կլաար․ - Դե, ես չեմ կարծում, որ դա ընդհանրապես դիտարկվում է: Առաքելությունն այժմ ունի երկու տարվա մանդատ: Հույս ունեմ, որ այն այստեղ կմնա երկու տարուց էլ քիչ, այն պարզ պատճառով, որ գուցե երկու տարին չլրացած՝ մենք խաղաղության համաձայնագիր կունենանք, ու նման առաքելության կարիք այլևս չի լինի:

Կլաարի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG