Մատչելիության հղումներ

Ուկրաինայի բանակը պատրաստվում է գարնանը հակահարձակման անցնել


Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, փետրվար, 2023թ.
Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, փետրվար, 2023թ.

Ուկրաինական բանակը գարնանը պատրաստ կլինի հարձակման անցնել, որի ռազմավարական նպատակներից է լինելու «հարավում ռուսական ուժերի մեջ սեպ խրել»։ Գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։

Նա ընդգծել է, որ հարձակման սկիզբը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ Արևմուտքից զենքի մատակարարումից։

Հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի խոսքով` թեև հարձակման հիմնական նպատակներից մեկը կլինի Ռուսաստանի տարածքի և բռնակցված Ղրիմի միջև հաղորդակցության խաթարումը, չեն բացառվում հարվածներ նաև Ռուսաստանի տարածքում զենքի պահեստներին, այդ թվում՝ Բելգորոդի շրջանում։ Սկիբիցկին ընդգծել է․ Ուկրաինայի վրա այնտեղից հարձակումներ են իրականացվում։

Ռուսաստանի սահմանամերձ շրջանների ղեկավարները պարբերաբար հայտնում են Ուկրաինայից գնդակոծության հետևանքով ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին։

Ուկրաինացի զինվորականները պաշտոնապես չեն մեկնաբանում Ռուսաստանի տարածքին հնարավոր հարվածները։ Արևմտյան երկրների ներկայացուցիչները պարբերաբար ընդգծում են, որ Ուկրաինային մատակարարվող զենքը նախատեսված է ուկրաինական տարածքի ազատագրման, բայց ոչ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար։

Սկիբիցկին պնդում է, որ առաջիկա հարձակման նպատակն է «ազատագրել Ուկրաինայի բոլոր օկուպացված տարածքները՝ ներառյալ Ղրիմը», և վերականգնել 1991 թվականի սահմանները:

Այն, որ Ղրիմը կարող է վերադարձվել ռազմական ճանապարհով, Ուկրաինայի ղեկավարությունը սկսեց հայտարարել 2022 թվականի փետրվարին ռուսական լայնածավալ ներխուժումից հետո։ Սահմանների վերականգնումն էլ խաղաղ բանակցություններ սկսելու պաշտոնական Կիևի պայմանն է։

Կիրակի օրը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Ղրիմում ակտիվորեն ամրություններ են կառուցվում, այդ թվում՝ ռուս ժամկետային զինծառայողների մասնակցությամբ։ Նախկինում այդ մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։

Արևմտյան երկրների մի շարք ներկայացուցիչներ թերահավատություն են արտահայտել մոտ ապագայում Ղրիմը վերագրավելու Ուկրաինայի հնարավորության վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ ընդգծել են․ միայն Կիևը կարող է որոշել՝ ազատագրել Ղրիմը, թե՝ ոչ։

XS
SM
MD
LG