2022 թվականի փետրվարի 24-ը Ուկրաինայի ժամանակակից պատմության ամենադժվար օրն էր, պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ հղած ուղարձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեկ տարի առաջ, այս օրը հենց այս վայրից առավոտյան ժամը յոթին մոտ, ես դիմեցի ձեզ մի կարճ հայտարարությամբ, որը տևեց ընդամենը 67 վայրկյան։ Այն պարունակում էր երկու ամենակարևոր բաները, այն ժամանակ և հիմա. Ռուսաստանը սկսեց լայնածավալ պատերազմ մեր դեմ։ Եվ որ մենք ուժեղ ենք։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Մենք կհաղթենք բոլորին», - շարունակել է Զելենսկին։
Անցած տարի այս օրը Ռուսաստանի նախագահը վաղ առավոտյան հայտարարեց, որ հրամայել է սկսել այսպես կոչված «հատուկ ռազմական օպերացիան»։
Եվ սկսվեց ռուսական լայնածավալ ագրեսիան Ուկրաինայի դեմ, որի վերջը դեռ չի երևում։
Սակայն Կիևի բնակիչ Տատյանա Կրիվկոն հավատում է, որ պատերազմի երկրորդ տարելից չի լինի. - «Մեկ տարի է անցել պատերազմի սկզբից, և ես հույս ունեմ, որ երկրորդ տարելիցը չի լինի: Ես հավատում եմ, որ այս տարի մենք կավարտենք պատերազմը»։
Նախագահ Զելենսկին այսօր կրկին պնդել է՝ Ուկրաինան հաղթելու է քաղաքակիրթ աշխարհի հետ միասին. - «Ուկրաինան զարմացրել է աշխարհին։ Ուկրաինան ոգեշնչեց աշխարհին։ Ուկրաինան միավորեց աշխարհը։ Հազարավոր խոսքեր կարելի է ասել որպես ապացույց, բայց մի քանիսը բավական են՝ HIMARS, Patriot, Abrams, IRIS-T, Challenger, NASAMS, Leopard»։
Զելենսկու թվարկած ժամանակակից գերհզոր զենքերի ցանկը առաջիկայում կարող է թարմացվել։ The Washington Post-ին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ասել է, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային չորրորդ կամ հինգերորդ սերնդի կործանիչներ տրամադրելու հարցը։ Դիվանագետը հավելել է, որ հնարավոր մատակարարումների մասին որոշումը կկայացվի Կիևի կարիքները գնահատելուց հետո։
Չնայած միջազգային մեկուսացմանը, աննախադեպ պատժամիջոցներին, Ռուսաստանը ագրեսիան դադարեցնելու որևէ նշան ցույց չի տալիս։ Հակառակը, պատերազմի առաջին տարելիցի նախօրեին նախագահ Պուտինը, հայտարարեց, թե Ռուսաստանը կասեցնում է մասնակցությունը միջուկային սպառազինության վերահսկողության պայմանագրին։ Նա նաև հանձնարարեց պատրաստ լինել միջուկային զենքի փորձարկմանը։
Վաշինգտոնում, սակայն, չեն կարծում, որ Պուտինը պատրաստ է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում կամ որևէ այլ վայրում։ Այս մասին «Դոժդ»-ին ասել է Միացյալ Նահանգների Անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
Երեկ Financial Times-ը, հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին, գրել էր, որ Պուտինն արդեն դիտարկել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը և եզրակացրել, որ նույնիսկ սահմանափակ միջուկային հարվածը Ռուսաստանին օգուտ չի տա:
Ու մինչ աշխարհը քննարկում է, թե որքանով է իրատեսական միջուկային պատերազմի վտանգը՝ Ուկրաինայում շարունակվում է իրական պատերազմը։ Ռուսական բանակն այսօր հարձակումը արևելյան Ուկրաինայում շարունակել է միանգամից մի քանի ուղղությամբ։ 12 ամիսների ընթացքում, սակայն, ռուսական զորքերին չի հաջողվել վերահսկողության տակ վերցնել ո'չ Դոնեցկի, ո'չ էլ Լուգանսկի մարզերի ողջ տարածքը։ Այդուամենայնիվ, չնայած ուկրաինական կողմի աշնանային հակահարձակմանը, որի արդյունքում ռուսական բանակը թողեց նախկինում գրաված մի շարք տարածքներ, այդ թվում Խերսոն քաղաքը, ռուսներն այսօր վերահսկում են հարևան երկրի տարածքի հսկայական հատված։
Պատերազմի առաջին տարին լրացավ, սակայն առայժմ հայտնի չէ կողմերի կրած կորուստների ստույգ թիվը։ Մոսկվան և Կիևը չեն հրապարակում զոհերի թիվը: Անցած նոյեմբերին Պենտագոնը հայտնել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան հավանաբար կորցրել են հարյուր հազարական զինծառայող (զոհվածներ և վիրավորներ): Ըստ Մեդիազոնայի ու BBC-ի ռուսական ծառայության հետաքննության՝ մեկ տարում ռուսները կորցրել են ավելի շատ զինծառայող, քան խորհրդային բանակն Աֆղանստանի իննամյա պատերազմում: ՄԱԿ-ի տվյալներով, որոնցում ներառված են միայն պետության կողմից փաստագրված մահվան դեպքերը, Ուկրաինայում զոհվել է մոտ 8 հազար խաղաղ բնակիչ։
Ի դեպ, ռուսաստանյան տասնյակ քաղաքներում այսօր հայտնվել են պատերազմի դեմ բողոքի բովանդակությամբ լուսանկարներ, գրություններ ու պաստառներ: Այսօր աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում Ուկրաինայի հետ համերաշխության ակցիաներ, որոնց նշանաբանն է «Լույսը կհաղթի խավարին»։