Մատչելիության հղումներ

Բորել. «Մեկ տարի առաջ այս օրը առավոտյան հասկացա՝ պատմության էջը շրջվում է»


Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորել, արխիվ
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորել, արխիվ

«Մեկ տարի առաջ առավոտյան ժամը 5-ին զանգ եմ ստանում՝ «Կիևը ռմբակոծում են»: Հասկացա, որ պատմության էջը շրջվում է, և մենք մտնում ենք դրամատիկ իրավիճակ», - Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պատմեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

Ռուս - ուկրաինական պատերազմի լույսի ներքո վերլուծելով անցած մեկ տարին՝ Եվրամիության պաշտոնյան փաստեց՝ զոհվում են ուկրաինացիներն ու ռուսները, բայց նաև եվրոպացիներն են տառապում գնաճի հետեւանքով: Երբ է ավարտվելու պատերազմը՝ Բորելը չգիտի, բայց վստահ է՝ պատերազմի ավարտից հետո էլ Ռուսաստանը չի վերանա, և Եվրոպան պետք է մտածի՝ ինչպես կառուցել հարաբերություններն այդ երկրի հետ:

Վերահաստատելով, որ Եվրամիությունը երրորդ համաշխարհային պատերազմ չի ուզում, Ժոզեպ Բորելն ընդգծեց. - «Մենք պատերազմող կողմ չենք, մենք աջակցում ենք մեկ կողմին, բայց չենք մասնակցում պատերազմին»։

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը հայտարարեց՝ դաշինքը պետք է շարունակի իր աջակցությունն Ուկրաինային և թափ հաղորդի, քանի որ երկիրը պայքարում է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից իրեն պաշտպանելու համար։ Բորելի խոսքով՝ դաշինքի աջակցությունն Ուկրաինային պետք է լինի ավելի շատ և ավելի արագ, բոլոր ուղղություններով՝ ներառյալ տնտեսական, ռազմական, հումանիտար, զինծառայողների պատրաստում, դիվանագիտական կապերի հաստատում երրորդ կողմերի, այլ երկրների հետ՝ զրկելու Ռուսաստանին պատերազմը ֆինանսավորելուց. - «Սա ենք մենք փորձել անել և պետք է շարունակենք անել»:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան ընդունում է՝ այդ մոտեցման համար եվրոպացիները, հատկապես՝ էներգակիրների և պարենի գնաճի տեսանկյունից, թանկ են վճարել. - «Մենք դրա համար վճարել ենք, բայց շատ ավելի ցածր, քան այն գինը, որ վճարում են ուկրաինացիները և, կներեք, որ սա ասում եմ՝ նաև ռուսները»։

Բորելը տեղեկացրեց, որ առաջիկայում Մոսկվայի դեմ սահմանված Եվրամիության պատժամիջոցների մի քանի փաթեթ կսկսի ուժի մեջ մտնել, միևնույն ժամանակ խոստովանեց՝ չնայած նախկինում սահմանված պատժամիջոցներին, անցած մեկ տարվա պատերազմի ընթացքում Ռուսաստանը կարողացել է շահույթ ապահովել։

Այդուհանդերձ, ինչպես պնդեց Բորելը, Ռուսաստանը կորցրել է բնական գազի իր հիմնական գնորդին, և արդեն այս տարվա հունվարին երկրի պետբյուջեի պակասուրդը անցած տարվա նույն ժամանահատվածի համեմատ 14 անգամ մեծ էր: Եվրամիության դիվանագիտության ղեկավարի համոզմամբ՝ դա արևմտյան պատժամիջոցների հետևանքն է, բայց, ասաց՝ ցանկալի արդյունքի հասնելու համար ժամանակ է պահանջվում։

Իսպանացի դիվանագետի կարծիքով՝ բացի տնտեսական կորուստներից, փոքր չեն նաև պատերազմի դաշտում Մոսկվայի կորուստները՝ այդ թվում 1600 ոչնչացված տանկ․ - «Սա Պուտինը երբեք չէր էլ կարող պատկերացնել ։Բայց, դժբախտաբար, երևում է՝ նրանք պատրաստ են շարունակել այս պատերազմը, 300 հազար զինվոր են կենտրոնացրել շփման գծում, ինչը կրկնակի ավելի է այն անձնակազմից, որը սահմանին էր մեկ տարի առաջ՝ պատերազմի մեկնարկի նախաշեմին»:

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավարը դժվարացավ կանխատեսել պատերազմի ավարտի ժամկետները և այն, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունները պատերազմի ավարտից հետո:

«Դե, Ռուսաստանը չի վերանա», - շեշտեց դիվանագետը՝ հավելելով, որ Եվրոպան պետք է սկսի մտածել, թե ինչպես կարելի է վերականգնել խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում։

«Մեկ տարվա՞, թե՞ առաջիկա տասնամյակների մասին է խոսքը», - լրագրողի այս հարցին Բորելն արձագանքեց. - «Անկեղծ ասած չգիտեմ: Ձեր հարցին ես չեմ կարող պատասխանել»։

Բազմիցս նշելով, որ Եվրամիությունը պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերի Ուկրաինային և ջանքեր գործադրի Ռուսաստանի ֆինանսական աղբյուրները կրճատելու ուղղությամբ, եվրոպացի քաղաքական գործիչը միաժամանակ ընդգծեց՝ Եվրոպայում պետք է ուշադիր վերլուծեն՝ ինչ մակարդակի պետք է լինի դաշնակից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը:

«Բայց որքան ես եմ հասկանում, այդ աջակցությունը պետք է լինի այնքան, որքան անհրաժեշտ է։ Վեճեր են եղել՝ արդյո՞ք մենք պետք է տանկեր տրամադրենք։ Այո, մենք պատրաստվում ենք տրամադրել տանկեր։ Արդյո՞ք մենք պետք է կործանիչներ տրամադրենք։ Սա նախագահ Զելենսկու խնդրանքն է։ Հարց է հնչել՝ անդամ պետություններն այդ խնդրանքը կկատարե՞ն։ Առայժմ կուղարկենք տանկեր, որոնք խոստացել ենք», - հայտարարեց Եվրամիության դիվանագիտության ղեկավարը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG