Մատչելիության հղումներ

Արցախի տնտեսությունն ամեն օր հսկայական վնասներ է կրում. պետնախարար


Լուսանկարը՝ Արցախի պետնախարարի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Արցախի պետնախարարի աշխատակազմի լրատվականի

Շրջափակումը խնդիրներ է առաջացրել ոչ միայն ամենօրյա կյանքում, այլև տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում, Արցախի տնտեսությունն ամեն օր հսկայական վնասներ է կրում, հայտարարել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շուրջ 40 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ժամանակ:

Պետնախարարի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ, Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նրանց գործունեության և այս դժվարին իրավիճակում Արցախի ու Արցախի ժողովրդի կողքին լինելու համար:

Պետնախարարը ներկայացրել է նախանշված կարեւոր վեց ուղղություններով կատարվող աշխատանքները՝ նկատելով, որ դրանցից առաջինի՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման առումով կարևոր դեր ունեն նաև բարեգործական կազմակերպությունները. «Ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ, որը թույլ չի տալիս մարդկանց նորմալ և լիարժեք կյանք վարել։ Այդ իմաստով շատ կարևոր է, որ դուք ևս բարձրաձայնեք այդ մասին։ Կարևոր է ոչ միայն ձեր նյութական օգնությունը, այլև այն, որ ձեր ձայնը հնչի, խնդիրը ճիշտ ներկայացվի աշխարհին», - ընդգծել է Վարդանյանը:

Պետնախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է տարբեր՝ առողջապահության, սոցիալական, ենթակառուցվածքների ոլորտների ծրագրերն ու առաջնային անելիքները՝ կարևորելով հատկապես թիրախային աջակցությունը:

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքն անցած տարվա դեկտեմբերի 12-ից փակել են իրենց «էկոակտիվիստ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ, ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:

XS
SM
MD
LG