Մատչելիության հղումներ

Սա երկար ճանապարհի միայն սկիզբն է. Ռուբեն Վարդանյան


Ավելի քան երկու ամիս տևող այս շրջափակման ժամանակ «տեսանք, որ մեր ժողովուրդը չի ցանկանում հանձնվել և հրաժարվել Արցախից», այսօր հայտարարել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Ըստ նրա՝ արցախցիները պատրաստ են հանդուրժել ամեն դժվարություն, ունեն բավարար կամք ու համառություն՝ այս փորձությունների միջով անցնելու համար:

«Արժանի պետք է լինենք այս ժողովրդին առաջնորդելուն: Մենք ունենք ամեն ինչ՝ պատմական այս բարդ փուլը հաղթահարելու համար՝ հավատ, կամք, ոգի ու միասնականություն։ Սա երկար ճանապարհի միայն սկիզբն է», - ասել է նախարարը, ում հրաժարականի պահանջով երեկ հերթական անգամ հանդես եկավ Ադրբեջանի նախագահը։

Բաքուն պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ պայմանով, որ բանակցողը չպետք է լինի Ռուբեն Վարդանյանը, հայտարարել է Իլհամ Ալիևը Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջնորդությամբ Մյունխենում Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպումից հետո:

Ամփոփելով իր գործունեության հարյուր օրը՝ Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ դրանցից 67-ը շրջափակման մեջ են անցել. «Փորձել եմ թույլ չտալ ձախողվել ծանրագույն ճգնաժամի պայմաններում: Սա միասնական պայքարի ու դիմադրության փուլ է բոլորիս համար: Այս ամբողջ ընթացքում մենք եղել և շարունակում ենք մնալ մշտական արտաքին ճնշման և ներքին հակադրության պայմաններում, որոնց, սակայն, չի հաջողվել խաթարել մեր ծրագրերը», - հավելել է նա:

Արդեն Արցախի շրջափակման երրորդ ամիսն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG