ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդում է՝ հայկական կողմը չի պատրաստվում Հայաստանի տարածքով որևէ միջանցք տրամադրել։ «Ազատության» հետ զրույցում նա անդրադարձել է Մյունխենում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի բանակցություններին։
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Պարոն Կոնջորյան, ընդունելի՞ է առաջարկը, որ արդեն պաշտոնապես է հնչում՝ Լաչինի և այսպես կոչված՝ «Զանգեզուրի» միջանցքների նույնակացումը ռեժիմների:
Հայկ Կոնջորյան. - Ես կարծում եմ՝ ընդհանրապես ընդունելի չէ նույնիսկ մեր այս քննարկումը, որովհետև մեր օրակարգում երբեք չի եղել և երբեք չի կարող լինել Հայաստանի տարածքով որևէ այպես կոչված միջանցքի հարցը:
«Ազատություն». - Չէ, դա միջանցք չէ, իրենք առաջարկում են ադրբեջանական անցակետ Լաչինում, հայկական անցակետ էլ՝ Սյունիքում:
Հայկ Կոնջորյան. - Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, և քննարկան ենթակա չէ Հայաստանի տարածքում որևէ արտատարածքային տրամաբանության մեջ գործող ինչ-որ մի կարգավիճակ: Մենք խոսել ենք մշտապես նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանության մեջ:
«Ազատություն». - Իմ հարցն այդ մասին չէ. Ադրբեջանը միջանցք չի ասում, ասում է՝ Լաչինում էլ տեղադրանք անցակետ, Սյունիքում էլ թող սահմանապահները, մաքսավորները կանգնեն:
Հայկ Կոնջորյան. - Ես այս պահին քննարկման ընդհանրապես ենթակա չեմ համարում նման հարց:
«Ազատություն». - Ինչո՞ւ եթե Երևանն ինքն է միշտ պատրաստակամություն հայտնել տալ այդ ճանապարհը պայմանով, որ լինելու է հայկական վերահսկողությամբ՝ հայ սահմանապահների…
Հայկ Կոնջորյան. - Մենք մեր դիրքորոշումները, մեր մոտեցումները, մեր պատկերացումները կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ մանրամասնորեն ներկայացրել ենք, և գիտեք, որ կա փոխվարչապետերի կողմից գործող խումբ, որը մանրամասնորեն աշխատում է այս ուղղությամբ, մեր դիրքորոշումը չի փոխվել, որ ՀՀ-ի տարածքով անցնող բոլոր ճանապարհները պիտի գործեն ՀՀ օրենսդրության և սուվերենության ներքո և Հայաստանի Հանրապետության պետական շահի ներքո: Մնացած մանրամասները, որոնք կարող են և պետք է բխեն իմ նշած ելակետից, արդեն քննարկման ենթակա են այդ հանձնաժողովի տիրույթում:
«Ազատություն». - Ըստ այդ առաջարկի՝ դա հենց այդպես էլ պետք է լինի պայմանով, որ Լաչինն էլ այդ կարգավիճակն ունենա, որ Լաչինը համարվում է…
Հայկ Կոնջորյան. - Ես նորից եմ նշում, որ ընդհանրապես դա ադրբեջանական նարատիվ է, և դրա համար ես նույնիսկ պատեհ չեմ համարում քննարկելու:
«Ազատություն». - Բայց մյուս կողմից՝ ճանապարհն էլ չի բացվում, և երկու ամսին էլ քիչ չէ՝ անելու հետևություն, որ դիվանագիտական ճանապարհը չի աշխատում:
Հայկ Կոնջորյան. - Իսկ գուցե հենց ի սկզբանե նպատակը դա՞ է եղել, որ փորձ կատարվի տարբեր մեթոդներով ճնշումներ գործադրել Հայաստանի վրա՝ զիջելու մի բան, որ անհնար է զիջել, և դա մեր կարմիր գիծն է: Մենք մշտապես նշել ենք, որ այն, ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշվում է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել անվտանգությունը երթևեկության համար, և այստեղ շատ հասցեական և հստակ խնդիր է դրված, որ Ադրբեջանը պիտի երաշխավորի այդ անվտանգությունը, և միջանցքը պիտի լինի ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, այն ռեժիմով, ինչով գործել է մինչև Ադրբեջանի կողմից դրա ապօրինի շրջափակումը: