Մատչելիության հղումներ

Երևանը նոր առաջարկները փոխանցել է Բաքվին


Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։

«Առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով։ Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի Ադրբեջանի համար։ Հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել», - ասաց գործադիրի ղեկավարը։

Օրերս Բեռլինում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանն արձագանքել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, դրանք փոխանցել Երևանին, Երևանն էլ այժմ աշխատում է դրա վրա։ «Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այս բանակցություններում, և մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում», - ասել էր Միրզոյանը:

Այսօր Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի տեսլականը՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։

«Փաստաթղթի ստորագրումը ոչ թե պիտի վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար, այլ ընդհակառակը՝ իսկապես նշանակի տևական խաղաղություն», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով այսպիսի պայմանագիրը օր առաջ ստորագրելու կառավարության և անձամ իր հանձնառությունը

Լեռնային Ղարաբաղում բնապահպանական ճգնաժամ է զարգանում

Շրջափակման 66-րդ օրը Ադրբեջանը բացեց, ապա երկու ժամ անց կրկին փակեց Լեռնային Ղարաբաղ մտնող գազատար խողովակը, հունվարի 9-ից էլ արգելափակված է հոսանքի մատակարարումը, այսօր հայտարարեց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ հումանիտար ճգնաժամը սրվել է, զուգահեռ նաև բնապահպանական ճգնաժամ է զարգանում։

Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բնակարանները տաքացնելու և կենցաղային այլ կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում։

Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, վրաններ տեղադրել, 12-ը դեկտեմբերի, 2022թ․
Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, վրաններ տեղադրել, 12-ը դեկտեմբերի, 2022թ․

«Սա, ըստ էության, անվիճարկելի ապացույցն է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են և Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը», - ասաց վարչապետը։

Արդեն 67 օր Ադրբեջանը բնապահպանական պատրվակով փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Հունվարի 12-ից ի վեր Ադրբեջանը պարբերաբար փակում, ապա մասամբ բացում է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ջեռուցման բացակայության պատճառով դպրոցները, ուսումնարանները, քոլեջները, մանկապարտեզները չեն գործում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG