Խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում «Հայաստանի նախաձեռնությունը՝ ստեղծելու Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմ», և այդ մասին դրույթ ներառելու ջանքերը խաղաղության համաձայնագրի նախագծում «բոլորովին անհիմն են, իսկ նման փորձերը՝ անիմաստ», հայտարարել է Բաքուն։
«Այս ջանքերը ցույց են տալիս, որ Հայաստանը, հակառակ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև Պրահայի և Սոչիի պայմանագրերին, որոնց համաձայն՝ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դեռևս չի հրաժարվել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներից», - արձագանքելով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկվա հայտարարությանն՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հավելելով, որ սա Ադրբեջանի ներքին գործն է։
Արմեն Գրիգորյանը երեկ անդրադարձել էր խաղաղության պայմանագրին՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այդ փաստաթուղթը վերջնական չէ։ Հայաստանը կողմ է, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների շուրջ, հավելել էր նա. «Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այս մեխանիզմը կայանա։ Այս մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում»։
Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ևս մեկ անգամ մեղադրել է Երևանին խաղաղության հարցում անկեղծ չլինելու մեջ, շեշտելով նաև, որ «Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովվելու են ադրբեջանական Սահմանադրության համաձայն»։