«Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը Միացյալ Նահանգների անփոփոխ առաջնահերթությունների թվում է», - ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Դա վերաբերում է ոչ միայն ամերիկյան վարչակազմին ընդհանրապես, այլև պետքարտուղար Բլինքենին մասնավորաբար, ինչի վկայությունն են նրա ուղղակի շփումները և առնչությունները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ», - նշել է Պատելը։
Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի նախօրեին հնչեցրած պնդումներին, թե ԵՄ-ը և Միացյալ Նահանգները ցանկանում են խափանել Հայաստան, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների կատարումը, Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալը նշել է. - «Ռուսաստանի կողմից ձեռնարկված ագրեսիան և այդ երկրի որդեգրած միակողմանի պահվածքն էին, որ խաթարեցին Մինսկի խմբի ձևաչափում առկա մի շարք հեռանկարային ուղղություններով ձեռնարկվող ջանքերի արդյունավետությունը»։