Մատչելիության հղումներ

Դոնֆրիդը Բայրամովի հետ կրկին քննարկել է Լաչինի միջանցքի հարցը, հայ - ադրբեջանական խաղաղ գործընթացը


Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ կրկին քննարկելով Լաչինի միջանցքի հարցը:

Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը «կարևորել է Լաչինի ճանապարհին բողոքի ակցիա անցկացնողների օրինական պահանջների կատարումը և հիշեցրել Ադրբեջանի նվիրվածությունը խաղաղ գործընթացին»: Միաժամանակ, նա պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի բլոկադայի և հումանիտար ճգնաժամի ապացույցներ չկան։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով, չնայած տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու Բաքվի առաջարկներին՝ «հայկական կողմը խաղաղության բանակցություններում խոչընդոտներ է ստեղծում, կոպտորեն խախտում է Ադրբեջանի տարածքից Հայաստանի զինված ուժերը ամբողջովին դուրս բերելու պարտավորությունը, շարունակում է ռազմական սադրանքներն ու անօրինական տնտեսական գործունեությունը»։ «Մանիպուլյացիաների դիմելու և բանակցային գործընթացի վերաբերյալ սադրիչ հայտարարությունների փոխարեն, Հայաստանի համար կարևոր է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ», - հայտարարել է նա:

Ամերիկյան կողմը հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն առայժմ չի տարածել:

Սա Դոնֆրիդի և Բայրամովի երկրորդ հեռախոսազրույցն է վերջին մեկ ամսվա ընթացքում: Ինչպես նա Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, այնպես էլ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում կոչ են անում բացել Լաչինի միջանցքը, ինչին ի պատասխան՝ Բաքուն տարբեր, երբեմն՝ իրարամերժ հայտարարություններ է անում, մասնավորապես՝ թե Լաչինի միջանցքը «բաց է», իսկ այն փակողների պահանջները՝ «օրինական», և այլն:

Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հնչելու կոչեր Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը պարբերաբար հնչեցնում է նաև խոսնակի միջոցով՝ ամենօրյա ճեպազրույցների ժամանակ, օրերս էլ ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է համապատասխան բանաձևի նախագիծ:

Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է արդեն 61 օր: Այն անցած տարվա դեկտեմբերի 12-ին փակել են իրենց «էկոակտիվիստ» անվանող մի խումբ ադրբեջանցիներ, սակայն ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:

XS
SM
MD
LG