Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը վերջին երեք օրվա ընթացքում երրորդ անգամ կոչ է անում ապաշրջափակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը


Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս
Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս

Վաշինգտոնը վերջին երեք օրվա ընթացքում արդեն երրորդ անգամ է կոչ անում ապաշրջափակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, անցած գիշեր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Պետքարտուղարության ներկայացուցիչը կրկին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում. - «Մենք ընդգծել ենք, որ Լաչինի միջանցքով բնականոն առևտրային և մասնավոր տեղաշարժի շարունակական խոչընդոտները բնակիչների համար առաջացնում են սննդի, վառելիքի և դեղորայքի պակաս: Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման պարբերական խափանումներն է՛լ ավելի են խորացնում վատթարացող հումանիտար իրավիճակը: Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, ներառյալ՝ առևտրային և մասնավոր ուղևորությունները»:

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակը շեշտել է, որ պետք է ելք գտնել ստեղծված փակուղուց ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելու համար: Նեդ Փրայսի խոսքերով, առաջընթացի կարելի է հասնել բանակցությունների միջոցով։

Ամերիկացի պաշտոնյան չի արձագանքել լրագրողի այն դիտարկմանը, թե Ադրբեջանը շարունակում է արհամարհել Լաչինի միջանցքը բացելու միջազգային հանրության, այդ թվում Վաշինգտոնի կոչերը։ Փոխարենը Փրայսը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները կշարունակի անել հնարավորը՝ խրախուսելու կողմերի միջև երկխոսությունը և միջանցքով ազատ տեղաշարժի ամբողջական վերականգնումը. - «Մենք սերտորեն համագործակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ընթացիկ մարտահրավերին, որին մենք բախվում ենք Լաչինի միջանցքում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը և հակամարտությանը՝ ավելի լայն իմաստով։ Այդ պատճառով մենք մեր տեղեկությունները կիսում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ»

Միջազգային հանրության կոչերին պաշտոնական Բաքուն շարունակում է հակադարձել՝ պնդելով, որ Լաչինի միջանցքը բաց է։

Լաչինի միջանցքի փակման մասին պնդումները անհիմն ու անհեթեթ են․ Ալիև

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Բուայոնի հավատարմագիրն ընդունելիս հայտարարել է, թե Լաչինի միջանցքը փակ լինելու մասին պնդումները «անհիմն են», «ամբողջովին սուտ և անհեթեթ»։

Ավելի քան մեկ ու կես ամիս փակ ճանապարհի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի կապակցությամբ մտահոգություն են հայտնել բազմաթիվ երկրների՝ այդ թվում Եվրամիության և դրա անդամ Ֆրանսիայի, կառավարությունները։

Թեև Ստեփանակերտը շաբաթներ առաջ էր հայտարարել Արցախում գործող օգտակար հանածոների հանքավայրերի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու որոշման մասին, այսօր ֆրանսիացի դիվանագետի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահը կրկին շեշտել է Լեռնային Ղարաբաղի հանքավայրերի շահագործումը դադարեցնելու և Բաքվի կողմից այդ հանքավայրերում մշտադիտարկման ապահովման կարևորությունը։

Ադրբեջանցի գործող և նախկին պաշտոնյաները Բաքվին հուշում են, թե ինչ քայլեր ձեռարկել Լաչինի միջանցքի հարցով

Բաքվի վրա միջազգային ճնշումների պայմաններում ի՞նչ պետք է անի Ադրբեջանը։ Թուրան գործակալության այս հարցին ի պատասխան Ֆարհադ Մամեդովը՝ Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարը նշում է․ - «Առայժմ միայն տեղեկատվական պղպջակներ են, գործողություններ, պատժամիջոցներ երկրի կամ ղեկավարության դեմ չկան։ Եթե գործը հասնի Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներին, դա կհանգեցնի խնդրի լուծմանը ռազմական միջոցներով»։

Մամեդովի խոսքերով, Բաքուն պետք է Լաչինի միջանցքի նկատմամբ ինքնիշխանություն սահմանի, հատկապես որ ռուս խաղաղապահները, ադրբեջանցի փորձագետի կարծիքով, «ի վիճակի չեն միջոցներ ձեռնարկել՝ վերադարձնելու այն իրավիճակը, որը եղել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը». - «Գործերն ընթանում են դեպի Ադրբեջանի պայմաններն ընդունելու ուղղությամբ։ Եռակողմ գործողությունների իրականացման «անշեղելիությունը» համեմատելի է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի հետ, որոնք Հայաստանը չի կատարել։ Այսպիսով, այժմ Ադրբեջանը միակողմանի գործողությունների է դիմում, քանի որ «միջազգային միջնորդությունը» Բաքվին ընտրություն չի թողնում սեփական ռեսուրսներով ապահովելու իր անվտանգությունը»։

Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, Մոսկվան և Բաքուն պետք է համաձայնության գան Լաչինի ճանապարհի համատեղ վերահսկողության շուրջ, որպեսզի այն օգտագործվի բացառապես մարդասիրական նպատակներով։ Մուսաբեկովը խոսքերով, քանի որ «ռուսական զորախումբը չի ընդդիմացել Ռուբեն Վարդանյանին և նրա կողմից մոբիլիզացված տեղացիներին, ովքեր խափանել են ադրբեջանցի պաշտոնյաների կողմից հանքերի համաձայնեցված մշտադիտարկումը, ուրեմն պետք է համակերպվեն ադրբեջանցիների բողոքի ակցիաների հետ»։

Դեպքի վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ինչպես հիշեցնում է ադրբեջանցի պատգամավորը «տեղակայված են ադրբեջանցի կոմանդոսների ստորաբաժանումներ, որոնք անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն» ադրբեջանցի ակտիվիստներին։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆիղարովն էլ առաջարկում է բացել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Մարտակերտ - Քելբաջար սահմանը, որպեսզի «դժգոհ հայերը կարողանան դուրս գալ Ղարաբաղից». - «Լաչինի անցակետում արագ պետք է սահմանային և մաքսային հսկողություն մտցնենք ժամանակավորապես՝ միայն ապրանքների և մարդկանց երթևեկության անվտանգության համար։ Մեր սահմանապահների թույլտվությունից հետո ռուս խաղաղապահները կարող են վերահսկել ևս 2 տարի։ Բայց հսկողությունը միայն մերն է»։

Ադրբեջանցի դիվանագետի համոզմամբ, խաղաղապահների միակ գործառույթը պետք է լինի Լաչինի ճանապարհին հետևելը, «որպեսզի որևէ տեղ չկրակեն». - «Այլ գործառույթներ նրանք չունեն»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG