Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսությունը, որը կհանգեցնի այն հարցերի կարգավորմանը, որոնց շուրջ կողմերը շատ վաղուց ունեն տարաձայնություններ։ Այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը՝ ի պատասխան Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին հեռախոսազրույցների վերաբերյալ հարցի: Նեդ Փրայսը հույս է հայտնել, որ այդ երկխոսության միջոցով «հնարավոր կդառնա հասնել տևական խաղաղության»:
«Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ մեր գործընկերների հետ, թե՛ բազմակողմ կազմակերպությունների միջոցով: Անցյալ տարի նաև մի քանի անգամ առիթ ենք ունեցել կազմակերպել հանդիպումներ եռակողմ ձևաչափով: Մենք շարունակելու ենք անել այն ամենը, ինչն ամենաարդյունավետն է այս բավականին սուր հարցերին լուծում տալու համար»,- ընդգծել է Փրայսը:
Խոսնակն ընդգծել է, որ ամերիկյան կողմը տիրապետում է իրավիճակին և ունի տարբեր մտահոգություններ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ. - «Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական կոմերցիոն և մասնավոր երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները: Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման խափանումն է՛լ ավելի է սրում վատթարացող հումանիտար իրավիճակը»:
«Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Կարծում ենք՝ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով, և հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը», - հայտարարել է Նեդ Փրայսը: