Մատչելիության հղումներ

Բրյուսելը, Վաշինգտոնն ու Փարիզը Ադրբեջանին կոչ են անում բացել Լաչինի միջանցքը


Բրյուսելը, Վաշինգտոնն ու Փարիզը Ադրբեջանին կոչ են անում բացել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ կանխելու համար մարդասիրական աղետը։ Պատերազմից հետո Արցախում խաղաղապահ զորակազմ տեղակայած Մոսկվան մինչև այս պահը լուռ է։

Երրորդ օրն է բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիները փակ են պահում ճանապարհը, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների համար։ Երեկ երեկոյից նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներով Արցախին մատակարարվող գազն է անջատվել։ Ստեփանակերտն այսօր հայտնեց, որ վառելիքի պակաս կա, ուսումնական հաստատություններում էլ դասերը դադարեցվել են։

ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ արեց վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Գրառումը «Թվիթեր»-ում հրապարակեց Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և խոչընդոտում է խաղաղության գործընթացին։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով: Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են», - նշել է Փրայսը։

Պաշտոնական Վաշինգտոնի այս կոչն՝ ադրբեջաներեն ու անգլերեն իր էջում զետեղել է նաև Բաքվում ԱՄՆ դեսպանատունը։ Ավելի ուշ ամերիկացի պաշտոնյան ճեպազրույցի ընթացքում էլ խոսեց խնդրից՝ հայտարարելով, որ տեսել են նաև էներգետիկ ենթակառուցվածքների խափանումների մասին հաղորդումները, խաղաղ բնակչությանը թիրախավորելն անընդունելի են համարում։

«Էներգետիկ ենթակառուցվածքի ցանկացած խափանում կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի, հատկապես, երբ ձմեռային ամիսներ են: Եթե միտումնավոր է, ապա անընդունելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը», - ընդգծել է Նեդ Փրայսը։

Եվրամիությանը ևս մտահոգել են Ղարաբաղի գազամատակարարումը անջատելու մասին հաղորդումները: Բրյուսելը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

«Տեղաշարժի ազատության սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանն ու հումանիտար մտահոգություններ առաջացնում»,- հայտարարել է Եվրամիության Արտաքին քաղաքականության գրասենյակի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն։

Ավելի կոնկրետ էր պաշտոնական Փարիզը՝ կոչ անելով Բաքվին առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։

Պաշտոնական Բաքուն, մինչդեռ, կտրականապես հերքում է մեղադրանքները, թե կապ ունի Հայաստանն ու Ղարաբաղը կապող միակ ճանապարհը փակելու հետ: Իսկ ճանապարհը, ըստ Արտգործնախարարության, «փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ` Ռուսաստանի խաղաղապահները, որոնք ժամանակավորապես են տեղակայված Ադրբեջանի տարածքում»:

Մինչ Բաքուն պնդում է, թե ցուցարարները «քաղհասարակության ներկայացուցիչներն ու բնապահպաններ են», Հայաստանի ու Արցախի ՄԻՊ-երը հայտարարում են՝ «անհերքելի ապացույցներ կան, որ ճանապարհը փակած անձանց մեջ նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են։ Իսկ հավաքի մասնակիցների մեծամասնությունը պետական ֆինանսավորմամբ գործող «ոչ կառավարական կազմակերպություններից» են»։

Քրիստինե Գրիգորյանն ու Գեղամ Ստեփանյանը հայտարարել են՝ Ադրբեջանի նպատակն է հումանիտար ճգնաժամի միջոցով հայաթափել Արցախն ու բնաջնջել հայերին։ Պաշտպանները դիմել են միջազգային դերակատարներին՝ դիվանագիտական ջանքերով Արցախի շրջափակումը դադարեցնելու, իսկ գազամատակարարումը վերականգնելու կոչով։

«120.000 երեխաներ, տարեցներ, կանայք ու տղամարդիկ Արցախում հայտնվել են գոյութենական թակարդում։ Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ մասնագիտական օգնության համար։ Դադարել է պարենի ու բժշկական պարագաների մատակարարումը», - ասված է հայտարարությունում։

Արցախի օմբուդսմենն այսօր նաև ՄԱԿ-ի գրասենյակի առջևից է ուղերձ հղել. «Ես Արցախի օմբուդսմենն եմ, որն այս պահին զրկված է տուն վերադառնալու իր իրավունքից։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև կանգնած ես պահանջում եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարից արձագանքել, քայլեր կատարել, արձանագրել մարդու իրավունքների կոպիտ խախտումները։ Արցախի ժողովուրդը արժանի է բոլոր իրավունքներին, ինչպես յուրաքանչյուր ոք աշխարհում»։

Հայաստանի առողջապահության նախարարությունն էլ դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ակնկալելով մարդասիրական աղետը կանխելու քայլեր։ Փոխնախարարն այսօր 5 ծանր հիվանդներից խոսեց, որ Արցախում են, նրանցից երկուսի կյանքը վտանգված է, Հայաստան տեղափոխելն՝ անհնար:

«Հինգ ծանր հիվանդ ունենք, երկուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում, որոնց, իհարկե, բժշկական օգնություն տրամադրելու, տեղափոխման հարցերով մշտապես կապի մեջ ենք, իսկ ինչ վերաբերում է չորս գյուղերի բժշկական պարագաներով ու դեղորայքով ապահովելու աշխատանքներին, նույնպես այդ աշխատանքները տարվում են», - նշեց փոխնախարարը:

Մայր Աթոռն էլ դիմումներ է հղել Քույր Եկեղեցիներին։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հորդորել է նաև Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ «մարդասիրական իր կոչմանը հավատարիմ, առարկայական քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական հրահրիչ գործողությունները բացառելու համար»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG