Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ենթադրում է, որ «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» անդրջրյա գազատար խողովակաշարերի վթարի հարցում Շվեդիան «ինչ-որ բան է թաքցնում»:
Շվեդիան և Դանիան հետաքննում են Ռուսաստանից Գերմանիա՝ Բալթյան ծովի հատակով անցկացված երկու խողովակաշարերում 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ավերիչ պայթյունների հանգամանքները:
«Անկեղծ ասած, այդ, ինչ կատարվում է այդ հետաքննության շուրջ՝ շփոթություն է առաջացնում: Նկատի ունեմ այն, որ Շվեդիան հրաժարվում է արձագանքել հետաքննությանը մասնակցելու Ռուսաստանի գլխավոր դատախազության հայտին: Դա վկայում է այն մասին, որ Շվեդիան այդ հարցում ինչ-որ բան է թաքցնում»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով, Ստոկհոլմը տեղեկություններով չի կիսվում Մոսկվայի հետ: Շվեդիան դեռ չի արձագանքել Զախարովայի ակնարկին առ այն, որ Ստոկհոլմն ինչ-որ բան է թաքցնում խողովակաշարերի վթարի վերաբերյալ:
Շվեդիան և Դանիան համատեղ պատասխանով մերժել են հետաքննությանը միանալու ռուսական կողմի խնդրանքը, նշելով, որ բացասական պատասխանը բխում է «ազգային անվտանգության շահերից»: