Մատչելիության հղումներ

«Հյուսիսային հոսք» գազատարների պայթյունները՝ դիվերսիայի հետևանք


Բալթյան ծովում գազի արտահոսքը «Հյուսիսային հոսք-1» խողովակաշարի շրջանից
Բալթյան ծովում գազի արտահոսքը «Հյուսիսային հոսք-1» խողովակաշարի շրջանից

Շվեդիայի դատախազությունն այսօր հայտնել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարերի պայթյունները տեղի են ունեցել դիվերսիայի հետևանքով:

«Բալթյան ծովում հետաքննության ընթացքում հավաքվել են մեծ թվով ապացույցներ, դրանք մանրամասն փաստագրված են: Վնասված գազատարերի շրջանում անցկացված ստորջրյա փորձագիտական ստուգումների շնորհիվ հայտնաբերվել են պայթուցիկի հետքեր պարունակող օտար առարկաների բեկորներ: Միջադեպի մասին առավել հիմնավորված եզրակացություններ կազմելու նպատակով շարունակվում է նախնական վերլուծական աշխատանքը»,- հաղորդել է նախնական քննությունը վարող դատախազ Մատս Յունգկվիստը:

Շվեդիայի դատախազության փոխանցմամբ, նախնական հետաքննությունը բավական բարդ և համակողմանիորեն իրագործվող ընթացակարգ է, որի արդյունքում պետք է պատասխան տրվի սկզբունքային երկու հարցերին՝ «արդյո՞ք դա հանցագործություն էր և ո՞ւմ կարելի է մեղադրանք ներկայացնել»:

«Մեզ անհրաժեշտ է տրամադրել խաղաղ ու հանգիստ աշխատելու պայմաններ, դա շատ կարևոր է»,- ասել է դատախազ Յունգկվիստը:

Այս տարվա սեպտեմբերի 26-ին Շվեդիայի սեյսմոլոգիական կայանը Բալթյան ծովում՝ Դանիային պատկանող Բորնհոլմ կղզու մոտակայքում գտնվող անդրջրյա գազատարի շրջանում գրանցել է մի քանի պայթյուն:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, Nord Stream AG ընկերությունը հայտնել է «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերում ճնշման կտրուկ անկման և դրանց երեք հատվածներում աննախադեպ ավերածությունների մասին:

Պայթյուններն այնքան հզոր էիր, որ անհետացել է գազատարներից մեկի 50-մետրանոց հատվածը: Չորս կետերում նկատվել է գազի արտահոսք:

Ռուսների փոխանցմամբ, խողովակաշարերն ամբողջությամբ պատրաստ էին բնական վառելիքը Ռուսաստանից ծովի հատակով հասցնել Գերմանիա, որտեղից այն փոխադրվելու էր մյուս պատվիրատուներին:

Առաջին գազատարը տևական ժամանակ վառելիք չի մղել: Պատճառն, ըստ ռուսների, վերանորոգման և սպասարկման աշխատանքն էր:

Երկրորդ խողովակաշարի հավաստագրումը փետրվարի 22-ին սառեցվել է, ապա պատերազմի մեկնարկի կապակցությամբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Nord Stream 2 գազատարի օպերատորի նկատմամբ:

Ռուսական կողմը պնդում է, թե, իբր, Միացյալ Նահանգներին էր ձեռնտու շարքից հանել գազատարը և այդպիսով լուծել երկու խնդիր՝ վնաս հասցնել Ռուսաստանին ու Եվրոպային և Եվրոպա հասցնել ԱՄՆ-ում արտադրվող հեղուկ գազը: Նախագահ Վլադիմիր Պուտինը դա որակել է որպես «պետական ահաբեկչություն»:

ՆԱՏՕ-ն և եվրոպական մի շարք երկրներ, իրենց հերթին, պնդում են, որ ռուսներն են այդ դիվերսիայի հեղինակը:

Մի խումբ մասնագետներ պնդում են, որ գազատարներին «անդառնալի վնաս» է հասցվել և դրանք վերանորոգելու փորձերն անիմաստ կլինեն: Ռուսական կողմը միջադեպի վայրում հետաքննություն անցկացնելու թույլտվություն չի ստացել:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր անդարադրձել է «Հյուսիսային հոսքի» հետագա ճակատագրին:

«Դե նախ պետք է ստանալ հասցված վնասի գնահատականը, վերլուծել տվյալները, և դրանից հետո հնարավոր կլինի քննարկել խողովակաշարերը վերանորոգելու կամ այդ գաղափարից հրաժարվելու հարցը»,- ասել է նախագահ Պուտինի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG