Պաշտոնական Բեռլինը բացառում է Ռուսաստանից Բալթյան ծովի հատակով մինչև Գերմանիա կառուցված «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի շահագործումը: Այդ մասին այսօր ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը:
«Այո, ես հաստատում եմ, որ այդ գազատարը չի աշխատի: Ակնհայտ է, որ ռուսական գազի մատակարարման կրճատումը բոլորիս համար լուրջ մարտահրավեր է»,- ասել է Հեբեշտրայտը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ կառավարությունը տարբեր միջոցներ, այդ թվում՝ հեղուկ գազի ընդունման տերմինալների կառուցում է ձեռնարկել՝ ծանր իրավիճակից խուսափելու համար:
«Մենք միանշանակ Ուկրաինայի կողմից ենք և շարունակելու ենք սատարել պատժամիջոցների քաղաքականությանը: Պարզ է, որ «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարը գործարկելու հարցը լուծված չէ և ներկայիս ժամանակաշրջանում չի լուծվի»,- ասել է կառավարության ներկայացուցիչը: