Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է` ռուս-ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններում պետք է պահանջել, որ ռուսները հեռանան ոչ միաjն Ուկրաինայի, այլև Վրաստանի օկուպացված տարածքներից՝ Աբխազիայից և Հարավային Օսիայից։
Bloomberg կայքում նախօրեին հրապարակված հարցազրույցում Զուրաբիշվիլին ասել է, որ Ռուսաստանը պարտվել է բոլոր ճակատամարտերը, եթե ոչ՝ պատերազմը, և ապագա դիվանագիտական կարգավորումը պետք է ներառի նաև Աբխազիայից ու Հարավային Օսիայից ռուսական զորքերը դուրս բերելու հարցը։
Նրա խոսքով՝ վրացական հարցը պարզապես պարտավոր է լինել բանակցությունների սեղանին, չի կարելի անգամ մտածել, որ այս պատերազմը կավարտվի առանց Ռուսաստանի նահանջի բոլոր օկուպացված տարածքներից։
«Ռուսաստանը պետք է սովորի, թե որտեղ են գտնվում իր սահմանները», - ասել է Զուրաբիշվին։
Վրաստանի նախագահը նշել է, որ եթե Արևմուտքը չպահանջի ռուսական օկուպացիոն զորքերի լիակատար դուրսբերումը, ապա կկատարի ևս մեկ մեծ սխալ, ինչպես 2008 և 2014 թվականներին։
2008-ին ռուսական զորքերը, տանկերն ու զրահամեքենաները մտան Վրաստանի տարածք։ Կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ինչը միջազգային հանրությունը չի ընդունում։ Այն ժամանակ Ռուսաստանի նախագահը Դմիտրի Մեդվեդևն էր, ով նախագահի պաշտոնում մեկ ժամկետով փոխարինեց Վլադիմիր Պուտինին։ Վրաստան ներխուժելու մասին Մեդվեդևն ասել էր, որ ռուսական բանակը խաղաղություն պարտադրելու գործողություն է իրականացնում։
2014-ին Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը և աջակցություն ցուցաբերեց Դոնեցկի ու Լուգանսկի ռուսամետ անջատականներին Կիևի ենթակայությունից ամբողջովին դուրս գալու համար։ Հետագայում տարբեր հանրաքվեներով, նախագահի հրամանագրերով, խորհրդարանի երկու պալատների որոշումներով Ռուսաստանը թղթերով իրեն է միացրել Ղրիմը, Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը։
Bloomberg-ը նշում է, որ Ռուսաստանի հասցեին Զուրաբիշվիլիի քննադատությունները հանգեցրել են տարաձայնությունների Վրաստանի կառավարության հետ, որը ձգտում է չգրգռել Պուտինին։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտել է Ռուսաստանի չարդարացված ագրեսիան, բայց չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և հրաժարվել է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ընդդիմախոսներին մեղադրելով Վրաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձերի մեջ։
Հրապարակման հեղինակները նշում են, որ Վրաստանի եվրոպական հավակնությունները փշրվեցին, երբ Բրյուսելն անցած տարի Ուկրաինային և Մոլդովային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տվեց, իսկ Վրաստանին՝ դեռ ոչ։
«Դուք պետք է մեզ թեկնածուի կարգավիճակ տաք։ Մենք իդեալական չենք, ես գիտեմ, կան բաներ, որ մենք չենք արել, բայց կարծում եմ, չնայած ամեն ինչին՝ մենք պետք է առաջ շարժվենք», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։