Մատչելիության հղումներ

Երեք ազդեցիկ գործիչներ լքել են «Վրացական երազանք»-ը


«Վրացական երազանք»-ը լքած Դմիտրի Խունդաձեն, Սոզար Սոուբարին և Միխեիլ Կավելաշվիլին
«Վրացական երազանք»-ը լքած Դմիտրի Խունդաձեն, Սոզար Սոուբարին և Միխեիլ Կավելաշվիլին

«Պառակտո՞ւմ, թե՞ պառակտման իմիտացիա», - արդեն երկրորդ օրն է, ինչ Վրաստանի քաղաքական շրջանակներում ամենից հաճախ հնչող հարցերից մեկը սա է։ Դրա ծագման պատճառը իշխող «Վրացական երազանք» կուսակցության երեք ազդեցիկ անդամների որոշումն էր՝ լքել կուսակցության շարքերը և խորհրդարանում հանդես գալ որպես անկախ պատգամավորներ։

Իշխող կուսակցության շարքերը լքելու մասին հայտարարեցին Վրաստանի խորհրդարանի տարածքային ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին օմբուդսմեն Սոզար Սուբարին, առողջապահության հանձնաժողովի նախագահ Դմիտրի Խունդաձեն և սպորտի ու երիտասարդության հարցերով հանձնաժողովի ղեկավար Միխեիլ Կավելաշվիլին։

«Վրացական երազանք»-ի ղեկավարության հետ մենք տարաձայնություններ չունենք՝ բացառությամբ մեկ հարցի՝ ինչ չափաբաժնով է պետք հանրությանը ներկայացնել ճշմարտությունը, և արդյոք պետք է մեր ժողովուրդը տեղեկացված լինի [կուլիսային զարգացումների մասին]», - հայտարարում էր Դմիտրի Խունդաձեն։

«Վրացական երազանք»-ը լքած գործիչների խոսքով՝ իրենք անկախ պատգամավորի կարգավիճակում ավելի ազատ կլինեն իրենց հանրային հայտարարություններում՝ նախևառաջ այն ելույթներում, որ վերաբերում են Թբիլիսիի և Եվրամիության, նաև Վրաստան - Ռուսաստան հարաբերությունններին։

Վրաստանի ընդդիմադիր ուժերն իշխող կուսակցությունը լքած գործիչների հետ համագործակցել չեն շտապում՝ նրանց որակելով «հակաարևմտամետներ»»։ Ընդդիմադիրներից ոմանց համոզմամբ՝ իշխող կուսակցության անդամների դեմարշը «Բիձինա Իվանիշվիլիի հետ համաձայնեցված էժանագին ներկայացում էր»։ Այս ձևակերպման կողմնակցիները շատ են հատկապես Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության շարքերում։

«Փաստորեն, ստեղծվում է մի իրավիճակ, երբ իշխող թիմի ներսում ի հայտ է գալիս ավելի արմատական, հակաարևմտյան մի թև։ Այն սկսելու է հարձակվել եվրոպացի քաղաքական գործիչների վրա, կսկսեն բացել այն փակագծերը, որոնք խոստացավ, բայց այդպես էլ չհանդգնեց բացել վարչապետ Ղարիբաշվիլին։ Կարելի է ասել, որ բազեները տարանջատվեցին ագռավներից։ «Վրացական երազանք»-ը լքած թիմը խորհրդարանում սկսելու է բարձրաձայնել այն, ինչ մտածում է Բիձինա Իվանիշվիլին», - համոզված է Ազգային միացյալ շարժման խմբակցության անդամ Ռոման Գոցիրիձեն։

«Վրացական երազանք»-ի շարքերում այս զարգացումները սկիզբ առան, երբ անցած շաբաթ Եվրախորհրդարանը Վրաստանի իշխանությունների հասցեին կոշտ քննադատական բանաձև ընդունեց, մի քանի ժամ անց էլ Եվրահանձնաժողովը որոշեց զերծ մնալ Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուց։ Բրյուսելում հայտարարում էին, որ Թբիլիսին այդ կարգավիճակին կարժանանա միայն մի շարք բարեփոխումներ անցկացնելուց՝ այդ թվում օլիգարխների ազդեցությունը քաղաքականության վրա նվազեցնելուց հետո։ Դրա համար Եվրամիությունը Վրաստանի համար վեցամսյա փորձաշրջան է սահմանել։

«Վրացական երազանք»-ը լքած երեք պատգամավորները նախօրեին տարածած հայտարարության մեջ ակնարկում էին՝ Եվրահանձնաժողովի որոշման և վրացական ընդդիմության, նախևառաջ նախկին նախագահ Սաակաշվիլիի քայլերում ակնհայտ համակարգվածություն է նկատվում։

«Որևէ մեկը Վրաստանին վեց ամսում թեկնածուի կարգավիճակ չի շնորհի, եթե իհարկե Վրաստանը Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չներքաշվի կամ էլ պատժամիջոցներ չսահմանի Մոսկվայի նկատմամբ, ինչը ևս պատերազմի մեջ ներգրավվելու ուղիղ ճանապարհ է», - համոզված են իշխող կուսակցությունը լքած պատգամավորները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG