Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ասել է, թե իր երկիրը արժանի է դառնալ Եվրամիության անդամի թեկնածու:
«Ինտեֆրաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ղարիբաշվիլին ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Եվրոպական հանձնաժողովի եզրակացությունում չի ներառվել Վրաստանին նույնպես թեկնածուի կարգավիճակ շնորհելու առաջարկը:
Նա հույս է հայտնել, որ Եվրամիությունը հունիսի 23-ից 24-ը Բրյուսելում գումարելիք գագաթնաժողովում դրա վերաբերյալ կոնկրետ որոշում կընդունի:
«Վրաստանը ոչնչով պակաս չէ Ուկրաինայից և Մոլդովայից ու արժանի է դառնալ թեկնածու: Մենք բոլոր ցուցանիշներով առաջ ենք անցել Ուկրաինայից և Մոլդովայից: Մենք լսել ենք, թե Ուկրաինային կարգավիճակ են տալիս, որովհետեև նա պատերազմի մեջ է, մենք լսել ենք, որ Մոլդովային այլ պատճառներով են կարգավիճակ տալիս: Մեր դեպքում առաջարկվում է «եվրոպական հեռանկար», ինչը ցավալի է, քանի որ մենք անդամի թեկնածուի կարգավիճակ ենք ակնկալել, բայց մենք կշարունակենք առաջ շարժվել եվրոպական ինտեգրման ուղղությամբ», - ասել է Ղարիբաշվիկլին խորհրդարանում:
Վարչապետը նաև կշտամբել է ընդդիմադիրներին, ասելով, որ նրանք «պարբերաբար այցելել են Բրյուսել և այնտեղ եվրոպացի օրենսդիրներին համոզել, թե Վրաստանն արժանի չէ թեկնածուի կարգավիճակին»:
Ղարիբաշվիլիի ելույթը երկու անգամ ընդհատվել է «Ազգային միացյալ շարժում» ընդդիմադիր խմբակցության պատգամավորների միջամտությունների և բարձրաձայն բողոքների հետևանքով:
Ընդդիմադիրները քննադատել են վարչապետի հայտարարությունն այն մասին, որ «Վրաստանին եվրոպական հեռանկար տալով՝ հունիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովը պատմական որոշում է կայացրել»: