Շրջափակման 50-րդ օրը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) միջնորդությամբ այսօր 19 մարդ Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ վերամիավորվելու ընտանիքների հետ։
«Ես այս պահին եղբորս երեխաներին եմ տեղափոխում, որ միացնեմ իր ընտանիքին, մի օր առաջ ճանապարհները փակվելուց տեղափոխել էին Հայաստան հիվանդության պատճառով, հիմա երեխան հիվանդանոցում է, պիտի բուժում ընդունի մի վեց ամիս, այդ պատճառով երեխաները էստեղ մնացել են իրենց տատիկի՝ իմ մոր մոտ», - ասաց կանանցից մեկը։
Այսօր Հայաստան եկած արցախցիներից շատերն իրենց ընտանիքներից բաժանվել էին Երևանում գտնվող ընտանիքի անդամների առողջական խնդիրների պատճառով։
«Ես ճանապարհում եմ իմ երկու թոռանը, որոնց մայրը երեք ամիս է՝ արյունաբանական կենտրոնում ուռուցքային երեխայի հետ միասին գտնվում է հիվանդանոցում», - նշեց մեկ ուրիշը։
Թեև այսօր մոտ 2 տասնյակ մարդ այսօր հնարավորություն ունեցավ միանալու իր ընտանիքին, բայց տասնյակ այլ մարդիկ Արցախում ու Հայաստանում շարունակում են բաժանված մնալ։
Երեկ Կարմիր խաչը Ստեփանակերտից Երևան 6 հիվանդ է տեղափոխել, այդ թվում՝ երեխայի, տեղեկացրեց Ղարաբաղում Կարմիր խաչի հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։
«Երեխա էլ է եղել։ Մարդիկ են, ովքեր անհապաղ բժշկական միջամտության և օգնության խնդիր ունեն և դրա համար տեղափոխվել են, և նրանց անունները մեզ փոխանցել են առողջապահության ոլորտի պատասխանատուները», - ասաց նա։
Դեկտեմբերի 18-ից մինչ օրս Կարմիր խաչը Հայաստան է տեղափոխել 57 հիվանդի։ Այսօր նաև Հայաստանից Արցախ ժամանողներ են եղել. վերջապես կարողացել են տուն հասնել «Ասպարեզ» պարային ստուդիայի երեխաները, որոնք շրջափակումից առաջ էին մեկնել Վրաստան պարի մրցույթի։ Մեկուկես ամիս անց հարազատները նրանց փուչիկներով դիմավորեցին։
Ավելի քան մեկ շաբաթյա դադարից հետո այսօր Արցախի երեխաները նորից դպրոց գնացին։ Դասերն ընդհատվել էին էներգետիկ ճգնաժամի պատճառով, հունվարի կեսերից ադրբեջանական կողմը պարբերաբար փակում, հետո բացում է Հայաստանից Արցախ գնացող գազատարը Շուշիի մերձակայքում։
Երեկվանից գազի մատակարարումը վերականգնվել է, սակայն չեն դադարել հոսանքի հովհարային անջատումները։ Տեղական էլեկտրաէներգիան չի բավարարում 24 ժամ հոսանքով Արցախի բնակիչներին ապահովելու համար, հետևաբար հոսանք Արցախում կա օրական միայն 18 ժամ, հոսանքը անջատվում է 3 անգամ՝ 2-ական ժամով։
«Երեխաներն այսօրվանից հաճախում են հանրակրթական դպրոցներ, բացի դրանից, մենք նաև կանգնեցրել էինք աշխատանքը արտադպրոցական հաստատություններում, նաև ուսումնարաններում և քոլեջներում, բայց այսօրվանից բոլորը գործում են իրենց բնականոն ռեժիմով», - ասաց կրթության նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը։
Բնականոն ռեժիմով, սակայն, չեն գործի մանկապարտեզները, ավելացնում է Մինասյանը։ Արցախի ավելի քան 4 տասնյակ մանկապարտեզներ փակվել են, քանի որ երեխաների համար սնունդ չկա, շրջափակումից հետո մոտ 2 շաբաթ մի կերպ աշխատել են եղած սննդի պաշարներով, հետո անորոշ ժամկետով փակվել են. «Ձու, կաթնամթերք և այլն, իրենք ստանում են օրական, իսկ դրանք լրիվությամբ արդեն պիտի ռացիոնից հանվեին, փաստորեն չենք կարողացել բավարարել մանկապարտեզների սննդի պահանջները»։
Կաթնամթերք ու ձու տանը երեխաներին կերակրելու համար ծնողները երբեմն ստիպված են ժամերով սպասել հերթում, պատմում է Ստեփանակերտից Նարինե Կարապետյանը։ Հատուկ կտրոններով ձեռք են բերում ձեթ, բրինձ, հնդկաձավար, մակարոն, դրանց համար արդեն հերթեր չկան, բայց Արցախում արտադրվող թարմ մթերքի համար հերթերն անխուսափելի են
«Հերթերն ահավոր շատ են, ու բավականին երկար պետք է սպասել, կան տեղեր, որտեղ տալիս են հերթական համարներ, և եղել են դեպքեր, երբ 200-ից ավելի մարդ է կանգնած եղել հերթում», - ասում է նա։
Խանութներում չկան նաև սուրճ ու կոնֆետներ։ Մեծահասկաները սրճի, երեխաների կոնֆետի պակասը նկատում են. «Աղջիկս, օրինակ, սիրում է միշտ թաքուն խանութից շոկոլադ գնել ու չասել, հիա դե չունի այդ հնարավորությունը, ու ես տանը թխվածքներ եմ թխում՝ փոքրիկ, ամենահասարակ թխվածքներն եմ իրենց համար պատրաստում, մեջը ձու, շաքար, ալյուր և մածուն սոդայով։ Ամեն օր չէ, բայց էդպես…»։
Ընտրել ենք ծանր ու երկար ճանապարհ, երեկ ստեփանակերտցիների հետ հանդիպմանն ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ վստահեցնելով, որ կարող են ադրբեջանական կողմին ապացուցել՝ Արցախը հայաթափելու նրանց նպատակը չի կատարվելու. «Դա ծանր ու երկար ճանապարհ է, և մենք պետք է դրան պատրաստ լինենք, միակ ճանապարհը համախմբվելու մեջ է ու ասելու՝ ձեր ուզածը չի կատարվելու, ադրբեջանցինե՛ր, ձեր ուզածը, որ մենք այստեղ չլինենք, չի կատարվելու»։
Այսօր հաղորդագրություն են տարածել նաև ռուս խաղաղապահները՝ հայտնելով, որ ադրբեջանական կողմի հետ պայմավորվածությունների արդյունքում Արցախից Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի քաղաքացի 44 մարդու։