Մատչելիության հղումներ

Արդեն 46 օր ԼՂ բնականոն կյանքը խաթարված է, հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով․ Փաշինյան


Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է արդեն 46 օր, արդեն 46 օր Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը խաթարված է և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թվարկելով, որ Ադրբեջանը պարբերաբար փակում, հետո մասամբ բացում է Լեռնային Ղարաբաղը սնուցող գազի խողովակը, խափանել է Լեռնային Ղարաբաղում հոսանք ապահովող գծերի աշխատանքը՝ արդյունքում Արցախում հովհարային անջատումներ են, բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքները մատակարարվում են կտրոններով, 46 օր մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն գործում՝ Փաշինյանը շեշտեց՝ Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի հայության կամքը։

Վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները՝ գործադիրի ղեկավարը խոսեց Բաքվի պլանների մասին։

«Մեր ունեցած տեղեկություներով՝ Բաքվի պլանը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել, և այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը», - հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով՝ սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է։

Վարչապետը նաև արձանագրեց՝ եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերում Լեռնային Ղարաբաղում հայությանն էթնիկ զտումների ենթարկելու մասին ահազանգերին, հիմա արդեն այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում։

«Ադրբեջանը նպատակ ունի խափանել նաև խաղաղության օրակարգը»

Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տներից արտաքսելն Ադրբեջանի միակ նպատակը չէ, հայտարարեց գործադիրի ղեկավարը՝ նկատելով՝ սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել նաև խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը, և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում։

«Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում և որևէ սադրանքով մեզ հնարավոր պիտի չլինի շեղել այս օրակարգից», - ասաց Փաշինյանը։

Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ, Երևանն ու Ստեփանակերտը հակառակն են պնդում։ Ըստ վարչապետի՝ այս հակասությունը լուծելու լավագույն ձևը՝ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է։

«Մենք հետևողականորեն պիտի աշխատենք այս ուղղությամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG