Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը մոտենում են Բախմուտին


Ռուսական ուժերը մոտենում են Բախմուտին, որը կես տարի է, փորձում են գրավել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է քաղաքից հինգ կիլոմետր հեռու գտնվող մի բնակավայր գրավելու մասին։

«Դոնեցկի ուղղությամբ գրոհային ջոկատների կամավորները օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և Հարավային ռազմական օկրուգի հրետանու կրակային աջակցությամբ ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կլիշչեևկա բնակավայրը», - հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը:

Արևմուտքը հայտարարում է, որ առաջիկա ամիսներին ռուսական ուժերը դիմելու են նոր զանգվածայաին հարձակման, և իրավիճակը «վճռորոշ» են գնահատում՝ հայտարարելով Ուկրաինային նոր՝ ավելի մասշտաբայաին ռազմական օգնության անհրաժեշտության մասին։

Այդ հարցը քննարկելու համար Հյուսիսիատլանտյան դաշնակիցներն այսօր հանդիպել են Գերմանիայի Ռամշտայն քաղաքում։ Դաշինքի պաշտպանության նախարարները սակայն այդպես էլ չեն կարողացել պայմանավորվել Կիևին գերմանական տանկերի մատակարարման շուրջ, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Նա ընդգծել է, թե «թյուր է տպավորությունը, թե Գերմանիան է արգելափակում», իրականում դաշինքում գործընկերները դեռ «միասնական կարծիք չունեն» այս հարցում։ Թե որ երկրներն են դեմ և ինչ հիմնավորվամբ՝ հստակ չէ։

Ուկրաինան վաղուց է Արևմուտքից տանկեր է պահանջում, առաջին հերթին գերմանական Leopard 2, որն օտագործվում է ՆԱՏՕ-ի բազմաթիվ երկրներում: Եվրոպական մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել իրենց տանկերն ուղարկել Կիև, սակայն դրա համար անհրաժեշտ է Գերմանիայի թույլտվությունը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գերմանիայի իշխանությունները կհամաձայնեն փոխանցել Leopard 2-ը՝ պայմանով, որ ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարի իր Abrams տանկերը։ Հունվարի 20-ին Պենտագոնը հայտարարեց Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որում սակայն Abrams ներառված չէր։

Պենտագոնի խոսնակը դա այսպես բացատրեց. - «Այդ տանկերի սպասարկումը չափազանց է թանկ է, և դրանք այս պահին Ուկրաինային մատակարարելն իմաստ չունի»։

Փոխարենը Ուկրաինային 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնության ամերիկյան նոր փաթեթում են NASAMS առաջադեմ հրթիռային համակարգեր և զինամթերք այդ հմակարգերի համար համար, ութ Avenger զենիթահրթիռային համակարգեր, 59 Bradley հետևակի մարտական մեքենաներ։

Ուկրաինայի նախագահը, մինչդեռ, պնդում է, թե վճռորոշ այս փուլում իր բանակին հենց արևմտյան տանկերն են անհրաժեշտ. - «Ուկրաինայի հաղթանակի համար ամենակարևոր տարրերից մեկը տանկերն են։ Արևմտյան ժամանակակից տանկեր, որոնց մատակարարման համար մենք բանակցում ենք մեր գործընկերների հետ։ Եթե դուք ունեք «Լեոպարդ» տանկեր, տվեք դրանք: Մենք չենք հարձակվում՝ եթե ինչ-որ մեկն անհանգստանում է: Այդ տանկերը չեն անցնի Ռուսաստանի տարածք, մենք պաշտպանվում ենք»։

Արևմտյան երկրները բազմիցս շեշտել են, թե Ուկրաինային միայն պաշտպանական զենք են տալիս, Մոսկվան, այդուհանդերձ, Ուկրաինային սպառազինության ամեն նոր օգնության մասին տեղեկությունից հետո քննադատում է ՆԱՏՕ-ին՝ պնդելով, թե նման մատակարարումները հարցականի տակ են դնում համաեվրոպական անվտանգությունը։

Այսօր էլ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե արևմտյան տանկերը, եթե նույնիսկ տրամադրվեն Կիևին, ուկրաինական բանակին չեն օգնի։

Ու մինչ արևմտյան դաշնակիցները որոշում են, թե ինչ տիպի և ինչ քանակի հավելյալ զենք տալ Ուկրաինային ռուսներին ճակատում հաղթելու համար՝ հունվարի 19-ի երեկոյան ռուսական Telegram ալիքներում սկսեցին հայտնվել Մոսկվայի շենքերի տանիքներին և ազատ տարածքներին հակաօդային պաշտպանության կայանքներով լուսանկարներ և տեսանյութեր։ Պաշտոնական Մոսկվան սա դեռ չի մեկնաբանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG