Մատչելիության հղումներ

Պեմզաշենում մոր ու երկու երեխաների սպանություն գործով գլխավոր մեղադրյալը մեղսունակ է ճանաչվել


Երիտասարդ կնոջ ու նրա երկու երեխաների ահասարսուռ սպանությունից մեկ ու կես ամիս անց էլ ոստիկանները Պեմզաշենում շարունակում են հսկել թե' հանցանքի վայրը և թե' երկու մեղադրյալների տները։

Սպանության համար մեղադրվողների ընտանիքները լքել են գյուղը, իսկ սպանվածների տան դուռը կնքված է։ Լվացքի պարանից էլ հավաքվել էին 8-ամյա Սարգսի ու 12-ամյա Կարինեի շորերը, որ վաղուց չորացել ու մնացել էին դրսում։

Արդյո՞ք նոր լարվածության ու հնարավոր վենդետայի վտանգը պահպանվում է։ Հսկողությունը շարունակող ոստիկանները պնդեցին, թե գյուղում վիճակը հանգիստ է։

Պեմզաշենցիներն էլ չափազանց զգուշավոր էին, չցանկացան խոսել ողբերգության մասին։

Նախաքննական մարմինը ևս որևէ նոր տեղեկություն չի հրապարակում, մինչդեռ այսօր սպանված կնոջ՝ Զարինե Մելիքսեթյանի ամուսնու ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ գլխավոր մեղադրյալը՝ Վրույր Բարսեղյանը դատահոգեբանական փորձաքննությամբ մեղսունակ է ճանաչվել։ Ավելի վաղ նախաքննական մարմինը հայտնել էր, որ նա տառապում է «սուիցիդալ մտքերով անձի էմոցիոնալ խանգարում» հոգեկան հիվանդությամբ։

«Անձը անմեղսունակ չի ճանաչվել, անձը մեղսունակ է եղել և' էն ժամանակ, և' ներկայիս պահին։ Ավելին, ներկա պահին շատ հստակ կարող է մասնակցել քննչական և դատաքննչական բոլոր գործողություններին։ Այսինքը՝ սուիցիդալ խանգարումներ անձը որ ունի, դա դեռևս չի նշանակում, որ հանցանքի կատարման պահին ինքը կարող է անմեղսունակ է եղել։ Էսօր շատ-շատերի մոտ էդ խնդիրը կարի լինի, փորձաքննության գնա, ու եթե անձը ինչ-որ զինվորական պարտադիր ծառայությունից ազատվել ա էդ խնդրով, դա դեռ չի նշանակում, որ անձը կարա ճանաչվի անմեղսունակ արարքի կատարման հետ կապված և ազատվի քրեական պատասխանատվությունից», - ասաց Գալիկյանը։

32-ամյա Վրույր Բարսեղյանին հանրային պաշտպանն է ներկայացնում։ Վերջինիս գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին նպատակահարմար չեն համարում որևէ մեկնաբանություն տալ։ Հոգեբույժների խոսքով, այդ հիվանդությունն ունեցող մարդկանց գործողությունները կարող են աֆեկտի ազդեցության տակ լինել, բայց այդ պահը շատ կարճ կարող է տևել՝ նույնիսկ վայրկյաններ. - «Իրենք կարճատև մի պահ կարող են գիտակցությունը կարծես այդ մի պահին չգիտակցի, չվերահսկվի։ Բայց երկրորդ րոպեից իրենք արդեն գիտակցում են ամեն արվածը և վերահսկելի են դառնում»։

Սպանված կնոջ ամուսնու՝ Սևակ Մելիքսեթյանի շահերի պաշտպանը ընթացող նախաքննությունը պատճառաբանելով, չցանկացավ շատ մանրամասներ ներկայացնել. - «Ստացել եմ բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններ, բայց դրանց մասին չեմ խոսա»։

Տուժող կողմը գործի ամբողջական նյութերին դեռ չի ծանոթացել։ Նախաքննության ավարտից հետո, երբ գործը իրենց ձեռքի տակ կլինի, միջնորդություններ են ներկայացնելու։ Այս ընթացքում էլ են միջնորդություն ներկայացրել, որը բավարարվել է. - «Միջնորդություններ եմ ներկայացրել փորձաքննություններ նշանակելու հետ կապված, որոնք քննիչի կողմից բավարարվել են, և նշանակվել են փորձաքննությունները։ Բայց կոնկրետ ինչ միջնորդություններ, կներեք իհարկե, չեմ ասի»։

Մամուլում լուրեր էին շրջանառվում գործում երրորդ անձի մասնակցության մասին։ Փաստաբանն արձագանքեց. - «Գործով առկա է երկու մեղադրյալ։ Դրանից ավել բան էս պահին փակագծեր չեմ բացի՝ զուտ նախաքննական գաղտնիքից ելնելով։ Բացի էդ, դրա իրավունքն էլ չունեմ։ Ու բացի դա, պատկերացնում եք երևի, հաշվի առնելով, որ ես տուժող կողմի ներկայացուցիչն եմ, շատ բաներ մեզ դեռևս հասանելի չէ»։

Գործով մյուս մեղադրյալ Արկադի Բարսեղյանը, որը, ըստ Քննչականի, աջակցել էր իր հորեղբոր որդուն կատարել դաժան սպանությունները, ըստ նրա փաստաբանի, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Արկադի Բարսեղյանը մեղադրվում է սպանության և ավազակության համար, իսկ Վրույր Բարսեղյանը առանձնակի դաժան սպանության, ավազակության և անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության համար։

Այս հոդվածներով ընդհուպ ցմահ ազատազրկում է նախատեսված։

XS
SM
MD
LG