Մատչելիության հղումներ

Ի՞նչ է սուիցիդալ մտքերով էմոցիոնալ խանգարումը. ըստ ՔԿ-ի՝ Պեմզաշենի սպանության մեղադրյալն այդ հիվանդությունն ունի


Պեմզաշենցի կնոջ ու նրա երկու երեխաների դաժան սպանության համար մեղադրվող երկու տղամարդկանցից մեկը, ըստ Քննչական կոմիտեի, տառապում է «սուիցիդալ մտքերով անձի էմոցիոնալ խանգարում» հոգեկան հիվանդությամբ։

Տեղի բուժհաստատությունից հրաժարվում են ասել՝ արդյոք 31-ամյա Վրույր Բարսեղյանը երբևէ ստացիոնար կամ ոչ ստացիոնար բուժում ստացել է՝ պատճառաբանելով, թե դա անձնական տեղեկություն է։ Հարցն ուղղեցինք նաև մարզկենտրոն՝ Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանին։

«Անկեղծ ասեմ՝ ես էլ եմ տեսել ախտորոշումը արդեն հրապարակվեց, և այդ քաղաքացին պետք է որ հաշվառված լինի Արթիկի առողջության կենտրոնի հոգեբույժի կաբինետում։ Սատացիոնար բուժում երբեք մեր մոտ չի ստացել», - ասաց Վարդանյանը։

Ըստ համագյուղացիների՝ Բարսեղյանն այդ ախտորոշմամբ ժամանակին ազատվել է զինավորական ծառայությունից։

Հարցին, թե արդյո՞ք այս հիվանդությունը կարող է հիմք դառնալ անմեղսունակ ճանաչվելու համար, գյումրեցի հոգեբույժն ասում է՝ այդ հարցի պատասխանը դատահոգեբանական փորձաքննությունը կտա, իսկ ընդհանրապես այդ հիվանդությունն ունեցող մարդիկ արագ բռնկվող են, անկայուն էմոցիաներ ունեն։

«Սրանք անձի բնավորության զարգացման արատներ կարծես լինեն։ Նույնիսկ ես երբեմն ասում եմ՝ ծնվում են իրենց հետ հիմնականում և հետո մեռնում են իրենց հետ։ Իսկ սուցիդալ մտքեր դա ինքնավնասման մտքեր, սուցիդ այսինքն՝ մարդը և ինքնասպանության մտքեր։ Ինքը համարվում է այո հոգեկան հիվանդություն», նշեց Վարդանյանը։

Հոգեբույժն ասում է՝ «սուիցիդալ մտքերով անձի էմոցիոնալ խանգարում» ունեցող հիվանդները կարող են շրջապատի համար և՛ վտանգավոր լինել, և՛ ոչ։ Նրանց գործողությունները կարող են աֆեկտի ազդեցության տակ լինել, բայց մասնագետը հավելում է՝ այդ պահը շատ կարճ է կարող է տևել։

«Իրենք կարճատև մի պահ կարող են այդ մի պահին չգիտակցի, չվերահսկվի, բայց երկրորդ րոպեից իրենք արդեն գիտակցում են ամեն արվածը և վերահսկելի են դառնում», ասաց մասնագետը։

Ոստիկանության ու Քննչական կոմիտեի հաղորդագրություններից պարզ դարձավ, որ մեղադրյալն առանձնակի դաժանությամբ է կատարել հանցագործությունը, 31-ամյա կնոջն ու 8-ամյա տղային սպանելուց հետո նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12-ամյա աղջնակի նկատմամբ, ապա նրան ևս դանակով սպանել։

Ըստ իրավապահների՝ այս սահմռկեցուցիչ հանցագործությունների շարժառիթը ենթադրաբար եղել է գումարի հափշտակությունը, ընդ որում՝ գաղափարը տվել է մյուս մեղադրյալը՝ 41-ամյա մյուս պեմզաշենցին, որը Վրույր Բարսեղյանի ազգականն է։ Նրանք միասին էին գնացել կնոջ տուն, կնոջը բռունցքով առաջինը հարվածել էր Արկադի Բարսեղյանը, ինչի հետևանքով կինն ուշագնաց էր եղել։ Գումարը չգտնելուց հետո էլ Վրույր Բարսեղյանը սպանել է ընտանիքին, ապա հափշտակել կնոջ ոսկե շղթան։

Կատարվածից ցնցված պեմզաշենցիներն այս օրերին սակավախոս էին, ասում էին ուշքի չեն գալիս այն փաստից, որ երկու մեղադրյալն էլ իրենց գյուղից են։

«Դե էն առաջինը՝ 32 տարեկանը, գյուղի մեջ չէր գա վաբշե», - ասաց համագյուղացիներից մեկը։ «Ազատության» մյուս զրուցակիցը հավելեց․ - «Երկրորդը խոպանից էր եկել տասն օր առաջ»։

Հոգեբույժն ասում է՝ «սուիցիդալ մտքերով անձի էմոցիոնալ խանգարում» հոգեկան հիվանդությամբ տառապող հիվանդները պարատադիր չէ, որ ստացոնար բուժում ստանան։ Եթե շրջապատի համար վտանագավոր են դառնում, այդ ժամանակ իր կամքով կամ կամքին հակառակ հնարավոր է։

«Իրենց վիճակը կարող է վատանալ՝ այլ ախտանշաններ ավելանան, օրինակ, իրենք դառնան այնքան վտանագավոր շրջապատի ու միջավայրի համար, որ համապատասխան միջոցներով՝ էստեղ և; ընտանիքի անդամները նշանակություն ունեն՝ գործ ունեն անելու, և՛ իրավապահ մարմինները, այդ դեպքում իր կամքով կամ իր կամքին հակառակ ինքը կարող է ենթարկվել բուժման», - նշեց Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը։

Վրույր Բարսեղյանը մեղադրվում է երեք հոդվածներով՝ առանձնակի դաժան սպանության, ավազակության և անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության համար։ Նրա ազգականը՝ Արկադի Բարսեղյանը մեղադրվում է սպանության ու ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։

Ոստիկանները դեպքից երկու շաբաթ անց էլ շարունակում են հսկողություն իրականացնել Պեմզաշենում՝ և՛ սպանվածների, և՛ երկու մեղադրյալների տների մոտ՝ հնարավոր նոր ողբերգությունները կանխելու համար։

XS
SM
MD
LG