Մատչելիության հղումներ

Տեղի ունեցածը դաժան սպանություն է. Շիրակի մարզի դատախազ


Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում այսօր կեսօրին տանը սպանված են հայտնաբերել 31-ամյա մի կնոջ ու նրա 8 և 12 տարեկան երեխաներին։

Տեղի ունեցածը դաժան սպանություն է։ Նախնական տվյալներով, կինն ու երեխաները սպանվել են սուր կտրող-ծակող գործիքով, «Ազատությանը» տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։ Այս պահին, ըստ դատախազի, կասկածյալ ու ձերբակալված անձ չկա։

Սպանված ընտանիքի տունը գտնվում է Պեմզաշենի գլխավոր փողոցում։ Նկարահանման պահին իրականացվում էին քննչական գործողություններ։ Ինչը՞ կարող էր պատճառ հանդիսանալ, որ դաժանորեն սպանվեին երիտասարդ կինն ու 2 անչափահաս երեխաները։ Ընտանիքի հարևանները որևէ պատճառ չէին կարողանում մտածել. - «Մարդկային քայլ չէ... 8,10 տարեկան էրեխուն էդ քայլին դիմողը էդի ի՞նչ մարդ կոչվելու իրավունք ունի»։

Սպանված կինն աշխատում էր Պեմզաշենի բուժկետում որպես օպերատոր։ Նրա ամուսինը, ըստ շրջանառվող տվյալների, արտագնա աշխատանքի է։

Սպանված կնոջ հարազատների փոխանցմամբ, երբ լսել են մահվան լուրը կարծել են, թե ընտանիքը շմոլ գազից է թունավորվել, սպանության տարբերակը չեն էլ դիտարկել. - «Մենք էկանք որպես գազից թունավորված... էկանք ստեղ իմացանք»։

Հարևանները պատմեցին, թե սպանվածները համեստ ապրող ընտանիք էր. - «Իրանց հըմար քրտնքով ապրող մարդ էին, ի՞նչ էր էղել, ո՞ւմ էին վնաս տվել...»

XS
SM
MD
LG