Մատչելիության հղումներ

Ի՞նչ մոդելով կգործի ապագա Արտաքին հետախուզական ծառայությունը. կառավարությունը հաստատեց նախագիծը


Հայաստանում կստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց նախագծին, որն ուժի մեջ կմտնի խորհրդարանում հաստատվելուց հետո։ Այս նոր ծառայությունը գործելու է որպես վարչապետին ենթակա մարմին և կենտրոնանալու հակահետախուզական ու ահաբեկչության դեմ պայքարի վրա։

«Ներկայացված փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնց ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն», - ասաց արդարադատության փոխնախարարը:

Կառավարությունը նախագծի հիմնավորումներում գրում է, որ Հայաստանն ունի նոր որակի հետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայական, բացի այդ տարածաշրջանում միակ երկիրն է, որ առայժմ չունի առանձին նման ծառայություն:

Արտաքին հետախուզական ստորաբաժանումներ մինչ օրս ունեցել են և՛ ԱԱԾ-ն, և՛ Պաշտպանության նախարարությունը, դրանց աշխատանքը, ստացվում է, գործադիրին չի բավարարել։ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի խոսքով, սակայն, այդ մարմինները կշարունակեն գործել։

«Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից երեք տարի անց, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները և ստորաբաժանումները կդադարեն այդպիսիս գործունեություն իրականացնել՝ այս գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը», - նշեց Մինասյանը:

Հայաստանի վարչապետի կարծիքով՝ նման ծառայություն զարգացնելու համար երկար ժամանակ կպահանջվի և կառավարությունը մինչև դրա կայացումը չի քանդի հետախուզական մյուս ստորաբաժանումները։

«Մեր բոլոր հետախուզական ծառայությունները, որոնք այս պահին գործում են, իրենց կյանքում ոչինչ չի փոխվի այնքան ժամանակ, մինչև մենք չհամոզվենք, որ նոր ստեղծված Արտաքին հետախուզական ծառայությունը կարող է կլանել այն գործառույթները, որոնք իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության հետախուզության դեպարտամենտը և դեռ մի բան էլ ավելին», - ընդգծեց Փաշինյանը:

ԱԱԾ-ն վերջին 3 տասնամյակների ընթացքում շարունակել է մնալ նախկին Խորհրդային միության КГБ-ի իրավահաջորդ. իրավապաշտպան

Վարդան Հարությունյան, արխիվ
Վարդան Հարությունյան, արխիվ

Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից մշակված նախագծի հիմնավորումներում նաև նշված է, որ ծառայության ստեղծման անհրաժեշտությունը ծագել է ապրիլյան ու 44-օրյա պատերազմների ընթացքում տեղեկատվություն ստանալու հետ կապված խնդիրների պատճառով։ Արդյո՞ք ստացվում է, որ գործադիրը դժգոհ է արտաքին հետախուզության բաժինների աշխատանքից հատկապես պատերազմի ընթացքում։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ դա գաղտնիք չէ և ակնհայտ է։ Ըստ նրա՝ հայկական ԱԱԾ վերջին 3 տասնամյակների ընթացքում շատ առումներով շարունակել է մնալ նախկին Խորհրդային միության КГБ-ի հաջորդն ու շարունակողը։

«Այն շարունակել է և՛ հասարակության աչքում, և՛ իրականում մնալ նախկին Խորհրդային միության КГБ-ի իրավահաջորդ և ռուսական ФСБ-ի կցորդ: Հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ մենք չենք ունեցել դպրոց, և մեր ապագա անվտանգության աշխատակիցները ուսում են ստացել, կրթվել են ФСБ-ի դպրոցում, այնուհետև այնտեղից վերադարձել են այստեղ իրենց ФСБ-ական պատկերացումներով: Տարիների ընթացքում պետք է արդեն մտածվեր, և մենք ունենայինք մեր դպրոցը», - ասաց իրավապաշտպանը:

Նախագիծը դեռ խորհրդարան չի հասել, բայց ընդդիմությունն արդեն դեմ է արտահայտվել հետախուզական նոր կառույցի ստեղծմանը՝ այն անվանելով իշխանության ձեռքում քարոզչական գործիք։ Մյուս կողմից ընդդիմադիրներին մտահոգում է, թե նորաստեղծ ծառայությունը ի՞նչ հարաբերություններ է ունենալու Ռուսաստանի հետ:

«Գաղտնիք չի, որ Ազգային անվտանգության ծառայությունը շատ սերտ, տարիների փորձով, համագործակցում է Ռուսաստանի դաշնային հետախուզական ծառայության հետ: Հիմա ինչպիսի՞ն է լինելու», - օրերս «Ազատությանն» ասել էր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Գեղամ Մանուկյան, արխիվ
Գեղամ Մանուկյան, արխիվ

Արդյոք պատերազմի ժամանակ ևս ԱԱԾ-ի արտաքին հետախուզական բաժինը համագործակցե՞լ է ռուս գործընկերների հետ և հիմա պատերազմում պարտությունից հետո իշխանությունները նաև այդ համագործակցության արդյունքներից են դժգոհ։ Կարելի է ենթադրություններ անել, ասում է Հարությունյանը։

«Դրանից կարելի է եզրակացություն անել, որ ФСБ-ն ծառայել է Ռուսաստանի շահերին և աշխատեցրել է Ռուսաստանի շահերին համապատասխան նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգն ամբողջությամբ: Դա գաղտնիք չի և պետք էլ չի շղարշված դրա մասին խոսել: Հիմա եթե դրանից պոկվելու փորձեր են անում, դա, իհարկե, ողջունելի է, բայց արդյոք այդ փորձերը հանգեցնելու են պոկվելուն, թե դա հանգեցնելու է բախման, որից մենք ավելի մեծ վնասներ ենք կրելու, ասել չեմ կարող», - ասաց իրավապաշտպանը:

Այսօր կառավարությունում հաստատված նախագծով նոր ծառայությունը պետք գործի հետևելով համաշխարհային փորձին՝ թե՛ աշխարհի առաջատար երկրների, թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ անմիջական հարևանների օրինակով: Փաստաթղթում նշված չէ, թե որքան գումար կպահանջվի դրա ստեղծման համար։

XS
SM
MD
LG