Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավակնում է ստեղծել աշխարհի տասը արդյունավետ Արտաքին հետախուզական ծառայություններից մեկը


Փաշինյանի կառավարությունը հավակնում է ստեղծել աշխարհի տասը արդյունավետ Արտաքին հետախուզական ծառայություններից մեկը։ Նախագծի հանրային քննարկումն ավարտվել է։ Կառավարությունը պետք է հաստատի, որից հետո խորհրդարանում կքննարկվի։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ այն առաջիկայում իրենց հանձնաժողով կհասնի։

«Եթե մի ծառայություն շատ ենք կարևում, մի գործընթաց, գործառույթ շատ ենք կարևորում, իհարկե, ճիշտը դա առանձնացնելն է և դրան առանձին կարգավիճակ տալը», - ասաց Խաչատրյանը:

Կառավարության հիմնավորմամբ՝ այս կառույցի ստեղծման անհրաժեշտությունը ծագել է ապրիլյան ու 44-օրյա պատերազմների ընթացքում տեղեկատվություն ստանալու հետ կապված խնդիրների պատճառով։

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախագիծն ուսումնասիրել է և համարում է, որ կառավարության հիմնավորումները համոզիչ չեն։ Եթե դասեր են քաղել պատերազմներից ու փորձում են արդյունավետ կառույց ստեղծել, ապա ինչո՞ւ էին ապրիլյան պատերազմում բացթողումների պատճառով Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատված Արշակ Կարապետյանին վստահում պաշտպանության նախարարի, վարչապետի խորհրդականի պաշտոնները։ Իսկ 44-օրյայի ընթացքում պաշտոնանկ եղած ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանին այլ բարձր պաշտոնի նշանակում։

«Որտե՞ղ է այստեղ կադրային առաջխաղացման այդ չափորոշիչը», - նշեց մանուկյանը:

Ըստ նախագծի՝ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն և նաև այս պատճառով է խիստ անհրաժեշտ կառույցի ստեղծումը։ Այն գործելու է վարչապետի ենթակայության ներքո։ Փաշինյանն է նշանակում ու պաշտոնից ազատում ղեկավարին։ Ամբողջությամբ նոր համակարգ է ստեղծվելու։ Ֆինանսական մեծ ռեսուրս է պահանջում, իսկ այսօր Հայաստանի առաջնահերթությունը դա չէ, ասում է ընդդիմադիր պատգամավորը։

«Դրա ժամանակը չի, շատ ժամանակ է խլելու, սա պարզապես դառնալու է իշխանության ձեռքում քարոզչական հերթական խաղալիք», - ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

Եվ մի վտանգավոր հարց էլ կա, ըստ պատգամավորի։ Օրինակ՝ Ռուսաստանի հետ ինչ հարաբերություններ է ունենալու ստեղծվելիք կառույցը, հարցնում է Գեղամ Մանուկյանը։

«Այստեղ մեծ վտանգ կա ընդհանրապես՝ արտաքին վեկտորի փոփոխության խնդիր, արտաքին հետախուզական ենթադրյալ ծառայությունը ի՞նչ հարաբերություններ է ունենալու այլ երկրների հետախուզությունների հետ: Գաղտնիք չի, որ Ազգային անվտանգության ծառայությունը շատ սերտ, տարիների փորձով, համագործակցում է Ռուսաստանի դաշնային հետախուզական ծառայության հետ: Հիմա ինչպիսի՞ն է լինելու», - ասաց նա:

Ազգային անվտանգության ծառայությունում այժմ գործող հետախուզական դեպարտամենտը չի կարող նույն ծավալով աշխատել։ Արտաքին հետախուզական ծառայությունը կառավարման մեթոդներով ու գործառույթներով տարբերվելու է գործողից, ասում է իշխանական պատգամավորը։

«Դա աքսիոմա է, որ եթե մի ծառայություն կարևորում ես կամ գործառույթ և առանձնացնում ես, առանձին կարգավիճակ ես տալիս, նրա արդյունավետությունն ավելանում է», - նշեց Խաչատրյանը:

ԱԱԾ-ի ենթակայությունից դուրս Արտաքին հետախուզական կառույցի ստեղծմանը կողմ է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նա կողմնակից է, որ լյուստրացիա լինի և այնպես չլինի, որ ԱԱԾ-ի աշխատակիցները ուղղակի տեղափոխվեն նոր համակարգ։

«Քանի որ մենք ունենք հիմնավոր կասկածներ և պատշաճ հիմնավորումներ, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնի ՖՍԲ-ի տեղական գրասենյակն է համարվում, այդպիսի համարում ունի, ես դրա համար պատշաճ հիմնավորումներ կարող եմ ներկայացնել, առնվազն, որ մինչև հիմա ՖՍԲ-ի որևէ ագենտ Հայաստանում չի հայտնաբերվել: Այդ խնդիրը լուծելու համար լյուստրացիան է կարևոր», - ասաց նա:

Ըստ Սաքունցի, ծառայության ղեկավարն էլ պետք է ընտրվի Ազգային ժողովի քվեարկությամբ, որ ընդդիմությունն էլ մասնակից լինի ու իշխող ուժի համար քաղաքական գործիք չդառնա ստեղծվելիք կառույցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG