Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը չի բացառում Մինսկի դեմ նոր պատժամիջոցները, եթե Բելառուսը լրացուցիչ օգնություն տրամադրի Մոսկվային


Վաշինգտոնը կշարունակի վերահսկել, թե արդյոք Բելառուսը ցանկանում է լրացուցիչ օգնություն տրամադրել Մոսկվային Ուկրաինայի հետ պատերազմում, և եթե դա տեղի ունենա, կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել Մինսկի դեմ, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Եթե մենք տեսնենք սա [հավելյալ աջակցություն ցուցաբերելու փորձերը], տեսնենք դրա պոտենցիալը, ապա համաչափ պատասխան կտանք՝ լրացուցիչ միջոցների ներդրմամբ»,- ասել է նա։

Լուկաշենկոյի կախվածությունը Պուտինից մտավախություն է առաջացնում Կիևում, որ Ռուսաստանի նախագահը կարող է ի վերջո ստիպել նրան միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին The Economist-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը 200 հազար զինվոր է պատրաստում նոր հարձակման համար, որը կարող է սկսվել հարավից, արևելքից կամ նույնիսկ Բելառուսի տարածքից արդեն հունվարին։

Ուկրաինայի ներքին գործերի առաջին փոխնախարար Եվգենի Ենինն էլ, BBC-ին տված հարցազրույցում, ասել է, որ Ուկրաինան ուժեղացնում է Բելառուսի հետ սահմանը այս երկրի տարածքից ռուսական զորքերի հնարավոր հարձակման ֆոնին:

«Մենք պաշտպանական գծեր ենք կառուցում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի ողջ երկայնքով»,- ասել է Ենինը, ընդգծելով, որ դա ներառում է հրաձգային և հրետանային դիրքեր ու զինամթերքի պահեստներ։

Փոխնախարարը հարցազրույց է տվել BBC-ին երեկ ,Կիևի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հերթական զանգվածային հարձակումից անմիջապես հետո, որը լրջորեն վնասել է ենթակառուցվածքները և Ուկրաինայի մեծ տարածքներ մնացել են առանց էլեկտրականության:

«Մեր հակաօդային պաշտպանության համակարգի շնորհիվ մենք կարողացանք խոցել ռուսական կողմի արձակած անօդաչու թռչող սարքերի մինչև 90 տոկոսը», - ասել է նա՝ միաժամանակ ընդունելով, որ մայրաքաղաքի էներգետիկ ենթակառուցվածքի մի մասը զգալիորեն վնասվել է, և էներգետիկները ստիպված են աշխատել շուրջօրյա՝ էլեկտրաէներգիան վերականգնելու համար։

XS
SM
MD
LG