Ժամը 11։00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:
Հաշվի առնելով Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը տեղակացնում է, որ Ստեփանակերտում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով՝ հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով։
Ադրբեջանն այսօր առավոտյան վերականգնել է գազի մատակարարումը, որ դադարեցրել էր դեկտեմբերի 13-ից։ Արցախի պետնախարարը հայտնեց, որ «հարևան պետությունը գազի մատակարարումը վերականգնել է առանց որևէ նախապայմանների, առանց որևէ մեր կողմից զիջումների»։
Արցախի պետնախարարը չբացառեց, որ ադրբեջանցիներն այսօր բացեն նաև Լաչինի միջանցքը։ Արդեն հինգերորդ օրն է նրանք փակ են պահում Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։