Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում 1/8 անցած թիմերի մեծ մասն արդեն հայտնի է:
F խմբում Խորվաթիան կարողացավ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը Բելգիայի հետ և անցնել մյուս փուլ:
2018 թվականի առաջնության բրոնզե մեդալակիրներն ավարտեցին ելույթը: Բելգիայի հավաքականի իսպանացի մարզիչ Ռոբերտ Մարտինեսն արդեն հայտնեց հրաժարականի մասին:
Կանադայի հավաքականը 1-2 հաշվով զիջեց Մարոկկոյի թիմին: Ի դեպ, բոլոր գոլերը մարոկկացիները խփեցին: Առաջինը 4-րդ րոպեին հաջողության հասավ Հաքիմ Զիյեշը: 23-րդ րոպեին Յուսեֆ Էն Նասիրին հաշիվը դարձրեց 2-0, իսկ 40-րդ րոպեին էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Նայեֆ Ագուերդը:
Ապա E խմբում գրանցվեցին երկու սենսացիաներ: Ճապոնիան հաղթեց Իսպանիային 2-1 հաշվով: Հաշիվը 11-րդ րոպեին բացեց իսպանացի Ալվարո Մորատան: Երկրորդ խաղակեսի սկիզբը շոկային էր աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոնների համար՝ Ռիցու Դոան 48-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: 51-րդ րոպեին տեղի ունեցավ անհասկանալի բան՝ գնդակը մի քանի սանտիմետրով հայտնվեց դաշտից դուրս, սակայն ճապոնացիներն այն վերադարձին և Աո Տանական գոլ խփեց: Զարմանալի թվաց, թե ինչպես VAR համակարգը դա չգրանցեց:
Մասնագետները մանրամասն ուսումնասիրել են դրվագը, այն վերլուծելով նաև 3D պատկերի օգնությամբ: Պարզվում է, որ գնդակը հատել է գիծը, բայց ոչ ամբողջությամբ, գնդակի մի մասը 1-2 սանտիմետրով մնացել է գծի վրա, հետևաբար մրցավարները ճիշտ որոշում են կայացրել գրանցելով այդ գոլը:
Այս դեպքում Ռոնալդուն էլ կարող է պնդել, որ իրենից չպետք է խլեին և Ֆերնանդեշի հաշվին գրանցեին Ուրուգվայի հետ խաղում 54-դ րոպեին խփած գոլը և ասել, որ այդ դրվագում նա մազերի ծայրով դիպել է գնդակին: Մի խոսքով, VAR -ը շատ կարևոր և հզոր օգնական է, բայց հուսալիությունը 100 տոկոսանոց չէ:
E խմբում Կոստա Ռիկան 2-4 հաշվով զիջեց Գերմանիային: Հաշիվը բացեց Սերժ Գնաբրին, այն հավասարեցրեց Յելտսին Տեխեդան, 70-րդ րոպեին տհաճ վիճակում հայտնվեց աշխարհահռչակ դարպասապահ և ընտրանու ավագ Մանուել Նոյերը, ով ինքնագոլի հեղինակ դարձավ:
Գերմանացիներին միայն հաղթանակ էր պետք, ընդ որում՝ խոշոր հաշվով: Նրանք նետվեցին առաջ: Կայ Հավերցը 73-րդ և 85-րդ րոպեներին, ապա Նիկլաս Ֆյուլկրուգն 89-րդ րոպեին ապահովեցին «մայնշաֆթի» հաղթանակը 4-2 հաշվով, սակայն դա բավական չէր:
Այսպիսով, Գերմանիան և Իսպանիան գրանցեցին 4-ական միավոր, բայց գնդակների տարբերության հաշվին մյուս փուլ անցան իսպանացիները: Դե իսկ առաջին տեղն այդ խմբում գրավեցին «Ծագող արևի երկրի» ֆուտբոլիստները:
Այդպես արձանագրվեց օրվա երկրորդ սենսացիան՝ ինչպես և 2018-ին, Գերմսանիայի թիմն այս անգամ էլ խմբից դուրս չեկավ:
Փորձառու ռմբարկու Թոմաս Մյուլերը ներողություն խնդրեց երկրպագուներից և հայտնեց, որ անցկացրեց իր վերջին հանդիպումը հավաքականի կազմում: Ամենայն հավանականությամբ, կլինեն նաև այլ կադրային վճիռներ:
Դեկտեմբերի 2-ին H խմբում տեղի կունենան Հարավային Կորեա-Պորտուգալիա և Գանա-Ուրուգվայ հանդիպումները:
G խմբում Սերբիան կխաղա Շվեյցարիայի, իսկ Կամերունը Բրազիլիայի հետ:
Դեկտեմբերի 3-ից մեկնարկելու է 1/8 փուլը: Այդ օրը տեղի կունենան Նիդերլանդներ-ԱՄՆ և Արգենտինա-Ավստրալիա խաղերը:
Դեկտեմբերի 4-ին նախատեսվում են Ֆրանսիա-Լեհաստան և Անգլիա-Սենեգալ հանդիպումները:
Դեկտեմբերի 5-ին ճապոնացիները խաղալու են անցած առաջնության արծաթե մեդալակիր խորվաթների հետ:
Դեկտեմբերի 6-ին Մարոկկոն կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Իսպանիայի հետ:
1/8-ի մյուս զույգերը կորոշվեն դեկտեմբերի 2-ի հանդիպումների արդյունքում: