Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության տասներորդ օրը A խմբում Նիդերլանդներն առանց դժվարության 2-0 համոզիչ հաշվով հաղթեց տանտերերին: Գոլերը խփեցին՝ 26-րդ րոպեին Կոդի Գակպոն և 49-րդ րոպեին Ֆրենկի դե Յոնգը:
Այսպիսով, Քաթարի ընտրանին պարտվեց բոլոր երեք հանդիպումներում, խփեց1 և բաց թողեց 7 գոլ: Դա էր առնվազն 230 միլիարդ դոլար առաջնության կազմակերպմանը տրամադրած երկրի մարզական նվաճումը:
Բայց, ամենայն հավանականությամբ, Քաթարի ղեկավարներն ավելին չէին էլ ակնկալում և ուզում էին առաջնությունն անցկացնել երկրի վարկը բարձրացնելու համար:
A խմբում նոյեմբերի 29-ին Սենեգալը լարված խաղում հաղթեց Էկվադորին: Հաշիվը 44-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Իսմայիլա Սարրը:
Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին էկվադորցի Մոյզես Կայսեդոն պատասխան գոլ խփեց, բայց կարճ ժամանակ անց՝ 70-րդ րոպեին Կալիդու Կուլիբալին գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, և խաղն ավարտվեց 2-1 հաշվով հօգուտ Սենեգալի:
B խմբում Անգլիան խոշոր հաշվով առավելության հասավ Ուելսի նկատմամբ: 50-րդ րոպեին տուգանային հարվածի իրավունք վաստակեցին անգլիացիները, և Մարկուս Ռաշֆորդը բացեց հաշիվը: Տառացիորեն վայրկյաններ անց՝ 51-րդ րոպեին Ֆիլ Ֆոդենը Հարի Քեյնի ճշգրիտ փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվն, իսկ 68-րդ րոպեին Ռաշֆորդը գեղեցիկ հարվածով հաստատեց վերջնական արդյունքը՝ 3-0:
Նույն B խմբում զուգահեռ ընթանում էր օրվա ամենաբարդ խաղը՝ Իրան-ԱՄՆ:
Ոչ այնքան ֆուտբոլային, որքան քաղաքական հանգամանքներով պայմանավորված այս խաղը, թերևս, ամենաքաղաքականացվածն էր Քաթարում անցկացվող առաջնության առաջին տասնօրյակում:
Ամերիկացիներն առաջին խաղակեսում ունեին ակնհայտ առավելություն: Քրիսթիան Պուլիշիչը 38-րդ րոպեին գոլ խփեց և վնասվածք ստացավ:
Երկրորդ խաղակեսում ավելի հաճախ գրոհներ կազմակերպեցին իրանցիները, մի քանի անգամ բախտը ժպտաց ամերիկացիներին, հանդիպումն ավարտվեց նրանց հաղթանակով՝ 1-0:
Իրանի հավաքականի համար առաջնությունն ավարտվեց՝ նրանք մեկ խոշոր պարտություն կրեցին անգլիացիներից, տպավորիչ հաղթանակ տարան Ուելսի նկատմամբ, բայց դրամատիկ հավասար պայքարում զիջեցին ամերիկացիներին:
Նոյեմբերի 30-ին D խմբում տեղի կունենան Թունիս-Ֆրանսիա և Ավստրալիա-Դանիա, իսկ C խմբում՝ Լեհաստան-Արգենտինա և Սաուդյան Արաբիա-Մեքսիկա հանդիպումները: