Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության իններորդ օրը սկսվեց G խմբում Կամերունի և Սերբիայի գերդրամատիկ խաղով:
Առաջին գոլը 29-րդ րոպեին խփեց կամերունցի Շառլ Կաստելոտոն: Առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին սերբերն աներևակայելի ճիգեր գործադրեցին, և 45+1 րոպեին հաշիվը հավասարեցրեց Ստրահինյա Պավլովիչը:
Կամերունցիներն ակնհայտորեն շփոթված են և ընկճված: 45+3 րոպեին Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը հաշիվը դարձրեց 2-1:
Իրավիճակի տերերը սերբերն են: Կամերունցիները նման են հուժկու հարվածից դժվարությամբ ռինգում հավասարակշռությունը պահպանող բռնցքամարտիկի:
Երկրորդ խաղակեսի 53-րդ րոպեն՝ Կամերունի դարպասապահ Դեյվիս Էպասին չի կարողանում ետ մղել Ալեքսանդր Միտրովիչի հեռահար հարվածը: 3-1 հօգուտ Սերբիայի: Թվում է, թե արդյունքը պարզ է:
Բայց 10 րոպեում տեղի ունեցավ գրեթե աներևակայելին: 63-րդ րոպեին Վինսենտ Աբուբաքարը, ապա 66-րդ րոպեին Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը հաշիվը դարձրին 3-3, «թրիլերն» ավարտվեց ոչ-ոքի:
H խմբում Հարավային Կորեան զիջեց Գանային 2-3: Սա էլ լարված խաղ էր: Նախ Մոհամեդ Սալիսուն՝ 24-րդ, ապա Մոհամեդ Կուդուսը՝ 34-րդ րոպեներին հաշիվը դարձրին 2-0:
Երկրորդ խաղակեսի 58-րդ և 61-րդ րոպեներին «Չոնբուկ Հյունդայ Մոտորս» հարավկորեական ակումբի 24-ամյա հարձակվող Չո Գյու Սոնը գեղեցիկ երկու հարվածներով հավասեցրեց հաշիվը: Բայց, ի վերջո, 68-րդ րոպեին Կուդուսը խփեց այդ խաղում իր երկրորդ և իր թիմի երրորդ գոլը:
G խմբում տեղի ունեցավ Բրազիլիա-Շվեյցարիա խաղը: Շատ հավասար պայքար, բրազիլացիների գեղեցիկ հնարքներին շվեյցրարացիները պատասխանում են պինդ և կարգապահ պաշտպանությամբ ու բավական վտանգավոր հակագրոհներով: Գոլերի առատություն չեղավ:
83-րդ րոպեին «Ռեալ»-ի պաշտպան Կազեմիրոն գեղեցիկ հարվածով խփեց խաղի միակ գոլը՝ 1-0 հաղթեցին աշխարհի հնգակի չեմպիոնները:
Ութերորդ օրն ավարտվեց H խմբում Պորտուգալիայի և Ուրուգվայի ազգային հավաքականների լարված խաղով:
54-րդ րոպեին պորտուգալացիները բացեցին խաղի հաշիվը, բայց ո՞վ դա արեց: Բրունո Ֆերնանդեշը հեռվից գնդակն ուղարկեց ուրուգվայցիների տուգանային հրապարակը: Էլ ո՞վ պետք է պետք է բարձր ցատկով նետվեր դեպի գնդակը, եթե ոչ Ռոնալդոն: 1-0, սակայն հետագայում պարզվեց, որ նա գլխով չի հասել գնդակին, և գոլը գրանցվեց Բրունոյի հաշվին:
«Գուցե մազերով կպավ գնդակին»,- կատակեցին դրվագը կոմպյուտերով վերից վար, աջից ձախ մանրամասն ուսումնասիրած փորձագետները:
90+3-րդ րոպեին էլ ուրուգվայցիները տուգանայինում ձեռքով խաղացին, Ռոնալդուին արդեն փոխարինել էին, և 11-մետրանոցն իրացրեց նույն Ֆերնանդեշը՝ 2-0:
Բրազիլիան և Պորտուգալիան դուրս եկան «փլեյ-օֆֆ» փուլ:
Նոյեմբերի 29-ին A խմբում կհանդիպեն Էկվադորի և Սենեգալի, Նիդերլանդների ու Քաթարի հավաքականները:
B խմբում երկու հանդիպում է, մեկը մյուսից սկզբունքային, ամենայն հավանականությամբ շատ լարված պայքար կլինի, քանի որ ակամա ինչ-որ դեր կունենա նաև քաղաքական գործոնը՝ Ուելս-Անգլիա և Իրան-ԱՄՆ: