Մատչելիության հղումներ

Երևանում «Մուլտի գրուպի» կառուցվող հյուրանոցի շինարարական խախտումները վերացվե՞լ են. կողմերը հակասական պատասխան ունեն


Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետը մեկ ամսվա ընթացքում հապճեպ թույլտվություն տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերսկսելու դեռ երեք տարի առաջ՝ իր նախորդի օրոք կասեցված շինարարությունը մայրաքաղաքի սրտում՝ Աբովյան փողոցում։ Սա այն դեպքում, երբ Վարչական դատարանը դեռ քննում է շինարարությանն առնչվող խախտումները։

Ինչո՞ւ ոչ կառուցապատողը, ոչ էլ քաղաքապետարանը չեն սպասում դատարանի վճռին։ Իսկ եթե դատարանը հաստատի խախտումները, ի՞նչ է սպասվում հյուրանոցին. Երևանի քաղաքապետարանը չի տալիս այս հարցերի պատասխանը։ Չսպասելով դատարանի վերջնական որոշմանը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սեպտեմբերին եզրահանգել էր, որ խախտումները վերացված են, շինարարությունն էլ օրինական է։

Ծառուկյանին պատկանող հյուրանոցի շինարարության կասեցումը նախաձեռնել էր Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Նա ասում է, որ Երևանի սրտում 18 հարկանի հյուրանոց կառուցելով փակվում է Հյուսիսային պողոտայից Շառլ Ազնավուրի հրապարակ տանող ճանապարհը։ Բայց սա միակ խնդիրը չէ, որ ստեղծելու է հյուրանոցը առանց այն էլ ծանրաբեռնված կենտրոնի այս բանուկ հատվածում, նկատում է Կենտրոնի նախկին թաղապետը։

«Աբովյան փողոցն է խաթարվում լրիվ իր բնականոն ճարտարապետական տեսքը, Հին երևանցի փողոցը մեր եզակի փողոցներից է, որ կարելի է ասել՝ նոր փողոց ենք ունեցել, դա Լալայանց փողոցն է ինչ-որ միացրել: Պատկերացրեք՝ եթե այդ նույն շենքը չլիներ, մենք կարող էինք ունենալ ոնց որ օրինակ՝ Հռոմում, Փարիզում լավ տեղեր հետաքրքիր, հետաքրքիր աստիճաններով տարբերակ, ոչ թե էլեկտրական այդ հանգույցը լիներ, օգտվեր ընդամենը մի տնտեսվարող, կարող էինք ևս ունենալ հասարակական գոտի, որ Շառլ Ազնավուրի հրապարակից անցում արվեր դեպի այստեղ և իջներ այդ աստիճաններով լայն, ոչ թե տենց, կներեք, ոնց որ այդ աստիճանները և Ստանիսլավսկի թատրոնի և այդ կառույցի կողքը դարձել է զուգարան»:

Սեպտեմբերին շինթույլտվություն տված քաղաքապետարանը հիմնվել է փորձաքննությունների վրա, ստուգել է դեռ երեք տարի առաջ «Մուլտի գրուպի» կիսատ թողած կառույցն ու եզրահանգել՝ ամեն ինչ օրինական է, ու կանաչ ճանապարհ հարթել եվրոպական «Կեմպինսկի» շքեղ հյուրանոցների ցանցի Երևանի մասնաճյուղի համար։

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» այս նախաձեռնությունը 13 տարվա պատմություն ունի։ Ամեն ինչ սկսվել է դեռ 2009-ին, երբ գործարարը մի քանի հենասյուներ կառուցելուց հետո հայտնվել է դատարանում։ Այն ժամանակ կառավարությունը նրան անհատույց, առանց մրցույթի, 99 տարի վարձակալությամբ, հետո գնման իրավունքով հատկացրել էր 1430 քառակուսի մետր տարածք կառուցապատման համար։ Եվ մինչ կսկսեր կառուցումը, դրկիցը՝ Աբովյան 3 հասցեի շենքի սեփականատեր Աննա Մարտիրոսյանը, ահազանգել էր խախտումների մասին, դիմել դատարան ու հաղթել։ Դատարանը պարտավորեցրել էր քանդել կառույցը, հետագա շինարարությունն իրականացնել կանոններին համապատասխան։

Բայց որոշումը մինչև օրս չի կատարվել, ասում է Աբովյան 3-ի սեփականատիրոջ փաստաբան Էռնեստ Հարությունյանը. «Եթե առկա է նման՝ քաղաքապետի կողմից որոշում շինարարական թույլտվություն տրամադրելու վերաբերյալ, դա ուղղակի այն ապացույցն է, որ քաղաքային իշխանությունները լիովին անտեսում են դատական իշխանության կողմից կայացրած ակտերը և անտեսում են դատարանում եղած այսօր վեճի վերաբերյալ առկա փաստը»:

Մինչդեռ «Մուլտի գրուպի» փաստաբան Դավիթ Մանթաշյանը համոզված ասում է՝ խախտումներ չկան. «Վաղուց դա վերացված է, դա փաստված է, արձանագրված է, այդ խախտումը խախտում էլ չէր»:

Դատարանի չկատարված վճռից ութ տարի անց՝ 2017 թվականին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն է շինթույլտվություն տվել, բայց միայն ստորգետնյա հարկերի համար։ Աննա Մարտիրոսյանը այս անգամ էլ է դիմել դատարան՝ բողոքարկելով թույլտվությունը։ Նշել է, որ խախտումները չվերացրած հնարավոր չէ շինարարությունը շարունակել, սակայն սա չի խանգարել Ծառուկյանին առաջ տանել շինարարությունը առանց թույլտվության։ Հենց սրա համար էլ արդեն 2019-ին քաղաքապետ Հայկ Մարությանն է կասեցրել շինարարությունը։

Նաև քրեական գործ է հարուցվել՝ համայնքային հողի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու մեղադրանքով։ Մեղադրյալի աթոռին է հայտնվել Ծառուկյանի բիզնես կայսրության ղեկավար Սեդրակ Առուստամյանը։ Դատաքննությունը դեռ շարունակվում է։

«Բայց ասեմ, որ որևէ մի ճարտարապետ Հայաստանի, շատ քչերը, ես մեկ-երկուսինը գիտեմ իմ ընկերներից, որևէ մեկը, որևէ մի համայնք չխոսեց դրա մասին», - նկատում է Վիկտոր Մնացականյանը:

Արդյոք վերացված են խախտումները՝ կողմերը հակասական պատասխան ունեն։ Փաստ է մի բան՝ ԴԱՀԿ-ն չի կատարել դեռ 13 տարի առաջ դատարանի վճիռը, որով վերջ կդներ ներկայիս խնդիրներին՝ թույլ տալով Ծառուկյանին հյուրանոց կառուցել առանց խոչընդոտների։

«Հաշվի առնելով, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր ենթակայության ներքո չունի համապատասխան շինարարական տեխնիկա և բանվորական ուժ, ինչպես նաև շինարարական կազմակերպության հետ կնքված համապատասխան պայմանագիր, այդ իսկ պատճառով անհնարին է եղել վերականգնել մինչ շինարարական աշխատանքների կատարումը եղած դրությունը», - Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատասխանն է «Ազատության» հարցին։ Բացի նրանից, որ չեն ունեցել տեխնիկա, կան նաև այլ պատճառներ։ Դրանք իրարամերժ փորձաքննություններն են՝ մի դեպքում ասում են՝ կա խախտում, մյուս դեպքում՝ բացառում այն։

Այժմ ԴԱՀԿ-ն սպասում է Վարչական դատարանի վերջնական որոշմանը, որն, իր հերթին, սպասում է համալիր փորձաքննության պատասխանին՝ դրանից է կախված կոնկրետ հարցի պատասխանը՝ ապագա հյուրանոցն ունի՞ խախտումներ, թե՝ ոչ։

XS
SM
MD
LG