Մատչելիության հղումներ

Ծառուկյանը պնդում է՝ հյուրանոցի շինթույլտվություն ունի, Մարությանի խոսնակը հակադարձում է


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան

«Մուլտի գրուպ» ընկերությունն Աբովյան փողոցում շինարարության թույլտվություն չի ստացել, քանի որ չի դիմել», - այսօր քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակադարձեց «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ հավելելով, որ «Մուլտի գրուպ»-ը ստացել է միայն նախագծման թույլտվություն, իսկ նախագծման թույլտվությունը դեռ հիմք չէ շինարարություն սկսելու համար։

Նախորդ շինարարական թույլտվությունն էլ, որ տվել էր դեռ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կասեցվել էր դատարանի կողմից՝ հարևանի դիմումի հիման վրա:

Փոխադարձ մեղադրանքներով այս պատմությունը սկսվեց, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը խոչընդոտներ է ստեղծում Աբովյան 5 հասցեում նախատեսվող հյուրանոցի կառուցման համար: Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց՝ խոչընդոտներ չկան, շինթույլտվությունը, որ տրվել էր նախորդ քաղաքապետի կողմից, դատարանն է կասեցրել, իրենք կապ չունեն, իսկ Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, տեղեկատվությանը չի տիրապետում:

Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ցույց տվեց մի փաստաթուղթ՝ Հայկ Մարությանի ստորագրությամբ՝ պնդելով, որ քաղաքապետը չի տիրապետում տեղեկատվությանը. «Ահա, խնդրեմ, Մարությանի ստորագրությամբ, ժամկետով, օրով՝ 18.04.2019 թվական «Կեմպինսկի» հյուրանոցի, 9-րդ կետ, ԱՊԶ-ն տված է 11 հարկի, հետին մասը՝ շարունակելի։ Կարող եք նկարել և իրեն տալ իր ստորագրությամբ, իր գրածով, որ ոչ թե Ծառուկյանն ա, այլ ինքը չի տիրապետում», - փաստաթղթերը ներկայացրեց նա։

Քաղաքապետի մամուլի խոսնակն ասում է՝ Ծառուկյանի ցույց տված փաստաթուղթը նախագծման թույլտվությունն է, որի հիման վրա չի կարելի շինարարություն կատարել։

«Ունենք շինարարության թույլտվություն՝ տրված 2018 թվականի փետրվարին, որը կասեցված է, չունենք դրանից հետո որևէ այլ թույլտվություն, որն իրավական հիմք կտար մեր գործընկերներին շինարարություն իրականացնել էնտեղ, և ունենք, չգիտես ինչու, ինչ-որ ամեն օր նորանոր փուչիկներ, որոնք շատ հեշտությամբ տրաքացվում են», - ասաց Կարապետյանը։

Չնայած շինարարական թույլտվությունը կասեցված է եղել, Հակոբ կարապետյանն ասում է՝ 2018 թվականի ամռանը տեղում ապօրինի շինարարություն է կատարվել, ինչի համար «Մուլտի գրուպ»-ն անգամ տուգանվել է:

«Մեր կառուցապատողները հարգարժան, ինչպես ցանկացած շուստրի տղա, ներողություն եմ խնդրում արտահայտությանս, բայց ուրիշ բառապաշար էստեղ հնարավոր չի, փորձել է շրջանցել կարգը և օրենքը և իրականացրել է այդտեղ կառուցապատում, և մասնավորապես 18 թվականի հունիս-հուլիս ամիսներին, երբ կար ընկալում, որ մի քիչ խառն է իրավիճակը, այդ շինարարությունն ինտենսիվորեն ընթանում էր», - ասաց Հակոբ Կարապետյանը։

Չնայած շարունակվող այս պատմություններին, ինչպես հայտարարեց խոսնակը, Գագիկ Ծառուկյանի հետ քաղաքային իշխանությունները խնդիրներ չունեն. - «Կլինի դա քաղաքական հարաբերություն, թե բիզնես գործընկերություն, քաղաքը որևէ խնդիր չունի որևէ մեկի հետ էտպիսի գործողություններ անելու, բայց երբ հրապարակավ անում են հայտարարություններ, որոնք փաստերի հետ չեն համընկնում, մենք ստիպված ենք խոսել դրա մասին, անել պարզաբանումներ և բացահայտել կեղծիքը։ Սա, ներողություն, բայց մեր սկսած խաղը չէ», - ասաց նա։

Ինչ վերաբերում է Ծառուկյանի հնչեցրած մյուս կշտամբանքին, որ Աբու Դաբիի թագաժառանգը խոշոր ներդրումների մտադրությամբ հանդիպել է քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի հետ, ցանկացել է Երևանի կենտրոնում հիվանդանոց և հյուրանոց կառուցել, սակայն կեսժամանոց հանդիպումից հետո հիասթափված հեռացել է՝ ներդրումների մասին մոռանալով, Հակոբ Կարապետյանն այսպես արձագանքեց. - «Հետո պարզվեց, որ շեյխը, կարծես թե, շեյխ չէր, այսինքն՝ հանդիպմանը եկել էր ոչ թե ինչ-որ թագաժառանգ, այլ նրա ներկայացուցիչը»։

Այսօր Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում, սակայն, վերահաստատել է, որ ժամանողը թագաժառանգն է եղել՝ պատվիրակությամբ. - «Ուրեմն թող դատարկ-դատարկ չխոսեն, թող աերոպորտում նայեն, ապրիլի 26-ին շեյխն ին ինքնաթիռով 18 հոգով Երևան է եկել»։

Հակոբ Կարապետյանն ասում է՝ քաղաքային իշխանությունները հարգանքով են մոտենում բոլոր պոտենցիալ ներդրողներին՝ անկախ նրանց ունեցած տիտղոսներից, սակայն ակնկալում են նաև փոխադարձ հարգանք. - «Մենք ապրում ենք աշխարհիկ երկրում, դեմոկրատական երկրում, որտեղ ազնվական տիտղոսները գոյություն չունեն նախ, հարգում ենք էն մարդկանց և էն երկրներն ու հասարակությունները, որոնք ունեն և տեղ են տալիս այդ տիտղոսներին և ակնկալում ենք փոխադարձ հարգանք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG