Մատչելիության հղումներ

Մեսչյանը մանրամասներ է փոխանցում «շեյխերի» հետ հանդիպումից


Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 23-ը նոյեմբերի, 2019թ.
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», 23-ը նոյեմբերի, 2019թ.

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթւոր Մեսչյանը «Ազատությանը» տված հարցազրույցում որոշ մանրամասներ փոխանցեց «շեյխերի» հետ քաղաքապետ Հայկ Մարությանի և իր հանդիպումից։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». - «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ Աբովյան փողոցում «Կեմպինսկի» հյուրանոցը ի վերջո կառուցվելո՞ւ է, եթե Ծառուկյանը հարևանների հետ իր խնդիրը լուծի, այսինքն՝ դատարանում հաշտվեն։​

Արթուր Մեսչյան. - Իհարկե, և ճիշտն ասած, որպես գլխավոր ճարտարապետ՝ առաջինը ես եմ շահագրգռված, որ հնարավորին չափով արագ քաղաքի կենտրոնում ոչ միայն «Կեմպինսկի»-ն, այլ բոլոր կառույցները ավարտվեն, որովհետև քաղաքի կենտրոնում ունենալ կիսակառույց էդպիսի միջավայր՝ դա բավականին լուրջ բան է, էլի, և շատ անդուր է, դրա վերջը պետք է տալ։

«Ազատություն». – Ի դեպ, նա նաև արվարձանում սոցիալական բնակարանաշինության համար դիմե՞լ է քաղաքապետարան. դժգոհում է, որ «ուզում եմ էժան շենքեր կառուցել, չեն արձագանքում քաղաքապետարանից»։

Մեսչյան. - Ո՞նց չեն արձագանքում, այսինքն՝ մենք խոչընդոտում ենք դրան, հա՞։

«Ազատություն». - Տարածք չեք հատկացրել։

Մեսչյան. - Ես չեմ կարծում,որ սոցիալական ծրագրի համար՝ առանց բիզնես կոմպոնենտի, միայն սոցիալական ծրագրի համար քաղաքը հողատարածք չի հատկացնի, եթե, իհարկե, կարողանանք արդեն գտնել։ Երևանի մեծագույն պրոբլեմներից մեկը հենց էդ է՝ ամեն մի քառակուսի մետրը վաղուց արդեն, մի քանի կտոր է մնացել, էն էլ, չգիտեմ...

«Ազատություն». - Դուք, հայտնի է, եղել եք այդ հանդիպմանը՝ շեյխ-շեյխուհի կամ այդպես ներկայացողների, նրանք ներդրո՞ղ մարդիկ էին, փող ունեցողնե՞ր էին, Ձեր տպավորությամբ, իսկապե՞ս դրա համար էին եկել քաղաքապետարան։

Մեսչյան. - Գիտե՞ք ոնց է, փորձը ցույց է տալիս՝ երբ որ երկար ժամանակ տարբեր հեռուստաալիքներով, Ֆեյսբուքով, բանով ինչ-որ մի ինֆորմացիա է գնում, և դու ուզում ես ինչ-որ մի բան ասես, որ չի բռնում դրան, դա ստացվում է որպես արդարացում, որպես մի բան։

Ես չգիտեմ, տղերք, ես էնտեղ նստած էի, առաջինը՝ հիվանդանոցի շինարարության մասին ես խոսակցություն չեմ լսել, խոսքը գնաց, սկսվեց հյուրանոցի կառուցման վերաբերյալ, և քաղաքի կենտրոնում ու շատ մեծ ծավալի հյուրանոցային համալիրի համար հողատարածքի խնդիր եղավ, և, բնականաբար, որովհետև Երևանի կենտրոնում, իսկ մենք հաշվարկեցինք մոտավորապես հենց տեղում, թե քանի քառակուսի մետր միայն ավտոկանգառի համար է պետք էդ հյուրանոցի համար, մենք իրենց ասեցինք, որ «տղերք, էսօր քաղաքի կենտրոնում մենք էդքան հողատարածք չունենք, բայց դուք կարող եք սեփականատերերից գնեք ինչ-որ մի բան, իրացրեք էդ տարածքը և կառուցեք հյուրանոցը»։

Էն մնացածն էր շատ անդուր, հասկանո՞ւմ եք։ Մի բան Ձեզ ասեմ, եթե մենք, օրինակ, ես պարոն Մարությանի հետ՝ քաղաքապետի հետ, մենք էդպես պահեինք, ասենք, Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների մոտ քաղաքապետարանում, կարող է դուրս գալուց մեր վիզը կտրեին, հասկանում ե՞ք։ Որովհետև պրոտոկոլի ամենամեծ խախտումները կատարվեց էդտեղ, հասկանո՞ւմ եք։ Չի կարելի, կապ չունի՝ դու փոքր երկիր ես, մեծ երկիր ես, դու միլիարդատեր ես թե միլիարդատեր չես, երբ որ քաղաքապետը խոսում է, մեկ անգամ կտրել խոսակցությունը հեռախոսազանգով, երկրորդ անգամ... դե լավ, էդ երկու արաբները հասկացանք, բայց երբ որ արդեն թարգմանիչն էլ վերցրեց հեռախոսը, սկսեց խոսել, էդ արդեն, ոնց որ ասում է, վերջն էր, հասկանում ե՞ք։ Բայց էլի, փառք Աստծո, քաղաքապետը երբևիցե մի մոմենտով ցույց չտվեց, որ ինչ-որ, ասեց՝ «գիտե՞ք ինչ, ինձ թվում է, որ դուք ավելի կարևոր գործեր ունեք, եթե դուք հետաքրքրված եք էս ծրագրով հյուրանոցի, հողային հարցերը լուծեք՝ կգաք, մենք էս հարցը ձեր կվերանայենք»։ Երբ որ ես շենքից դուրս եկա, իրենք կանգնած էին շենքի մոտ և խոսում էին՝ էդ երկու անձնավորությունը և թարգմանիչը, և ես մոտացա իրենց և ասի՝ «գիտե՞ք ինչ, տղերք, իմ կարծիքով՝ դուք մի քիչ սխալ պահեցիք ձեզ, դա չի նշանակում, որ դուք պետք է նեղացած, բան, գնաք, ուղղակի հասկացեք, որ բաներ կա էս կյանքում, որ պետք է մի քիչ նուրբ լինի, էլի»։

Այսինքն, մենք հիվանդ ե՞նք, այսինքն, ես չեմ հասկանում, ինչ-որ մեկը ուզում է քաղաքում բարեգործական հիվանդանոց կառուցի, և մենք պետք է դրան խոչընդոտե՞նք։ Ինչի՞ մասին է խոսքը, ես չեմ հասկանում։

Հիշեցնենք, այս ամսվա սկզբին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պնդել էր, որ Երևանի քաղաքապետարանը խոչընդոտներ է ստեղծում Աբովյան 5 հասցեում «Կեմպինսկի» հյուրանոցի կառուցման համար։ Ծառուկյանը նաև հայտարարել էր, որ Աբու Դաբիի թագաժառանգը խոշոր ներդրումների մտադրությամբ հանդիպել է քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի հետ, ցանկացել է Երևանի կենտրոնում հիվանդանոց ու հյուրանոց կառուցել, սակայն կեսժամանոց հանդիպումից հետո հիասթափված հեռացել է։ Քաղաքապետարանից այդ մեղադրանքները հերքել են։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ «Ազատության» հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG