Մատչելիության հղումներ

Բանակի կառավարման և թիկունքային ծառայությունների  բնագավառում հսկայական անելիք ունենք. Անդրանիկ Քոչարյան


«Հիմա անընդհատ փոփոխությունների ենթարկվող առաջնագծի տիրույթում տեղի են ունենում լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով առաջնագծի կահավորման վերաբերյալ օգտատիրոջ հարցին, Քոչարյանն արձագանքեց, որ այդ «հարցը վերաբերում է նախկինին»:

«Բարձրացրած հարցը նախկինին է վերաբերում, երբ առաջնագծի կառուցվածքները շատ դեպքերում չունեին համապատասխան կահավորումը, այլ հիմնականում կահավորված էին Սեյրան Օհանյանի հայտնի պահածոների բաներով», - ընդգծեց Քոչարյանը՝ շարունակելով, - «44-օրյա պատերազմից հետո մեր առաջնագծի ամբողջ կառուցվածքը փոխվել է, և հիմա անընդհատ փոփոխությունների ենթարկվող առաջնագծի տիրույթում տեղի են ունենում լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ, որի չլուծված լինելը մեզ բերում է շատ մեծ անվտանգային վնասներ»:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց՝ բանակի կառավարման և թիկունքային ծառայությունների բնագավառում «հսկայական անելիք ունենք»:

«Պետք է հասնենք նրան, որ թիկունքային ծառայությունները իրենց վերապահված խնդիրները լուծեն իրենք, իսկ սահմանը պահպանող մեր զինվորականները ոչ թե պետք է զբաղվեն քլունգով կամ լապատկով՝ առաջնագծում կիրառելու համար՝ նոր բնագծեր պատրաստելու և այլն, բայց նաև պետք է աշխատանքի բաժանում էլ լինի: Այստեղ նաև թիկունքում գտնվող քաղաքացիական իշխանություններն էլ հսկայական անելիք ունենք: Այնպես որ բոլորս պետք է մասնակից լինենք առաջնագծի կառուցմանը», - հավելեց նա:

Օգտատերերի հարցերին՝ երբ եռամսյա հավաքներին մասնակցելու համար ծանուցագրեր են ուղարկում, հետո ինչո՞ւ պատշաճ բուժզննման չեն ենթարկում այդ տղաներին և արդյո՞ք ստանում են այդ մասին բողոքներ, ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Իհարկե, այսպիսի խնդիրներ կան, հարցը շատ ճիշտ է բարձրացված և առողջական խնդիրները մինչև եռամսյա հավաքի մասնակցելու որոշումը կայացնելը պետք է ստուգված լինեին: Հենց Արմավիրում ես խնդրեցի, որպեսզի զորամասի հրամանատարը զեկուցի Գլխավոր շտաբի պետին այս խնդիրների հետ կապված, քանի որ զինկոմիսարիատները չեն հասցրել այդ խնդիրը պատշաճ ձևով կարգավորել, հենց նույն զորահավաքային միջավայրում բուժզննության ծրագիր իրականացնել և եթե կան առողջական խնդիրներ ունեցողներ, նրանց շարքերից դուրս բերեն և ուղարկեն առողջական խնդիրների լուծմանը»:

Քոչարյանն անկեղծացավ՝ զինկոմիսարիատներում տեսել է ու նաև ինֆորմացիա կար և՛ հեպատիտ Ց, և՛ ճնշում ունեցող մարդկանց մասին, տեսել են տարիքային անհամաչափություններ։

Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահը խնդիրն այսպես պարզաբանեց՝ զինկոմիսարիատները խնդիր են ստացել և ծանոթացագրեր են ուղարկել մեծ քանակի զորակոչային տարիքային խմբում ներգրավված քաղաքացիներին՝ հետագայում՝ պրոցեսի ընթացքում ֆիլտրելու նպատակով, որն, իր կարծիքով, ճիշտ չէ։

«Ամեն ինչ պետք է արվի ըստ ընթցակարգի և հաջորդականության։ Իհարկե, առողջական խնդիրներ ունեցողները պետք է զբաղվեն առողջական խնդիրների լուծմամբ, և առաջին հերթին մեր մոբիլիզացիոն ռեսուրսը պետք է հենված լինի առողջ մարդկանց հնարավորությունների օգտագործման ճանապարհով։ Առողջական խնդիր ունեցողը, պետք է էդ խնդիրների ավարտման փուլից նոր զորակոչվի, եթե էդ հնարավորությունը կա», - ասաց Քոչարյանը։

Մեկ այլ օգտատիրոջ հարցին՝ «եթե մարդը ստանում է ծանուցագիր և 25 օրով բացակայում է աշխատանքից, ինչպե՞ս լուծի սոցիալական հարցերը, կա՞ համաձայնություն բանկերի հետ, որ երբ այդ մարդը գտնվում է հավաքների մեջ, ապա գոնե սառեցվի վարկերի ընթացքը», Քոչարյանն արձագանքեց. «Այդ հարցերի հետ կապված հավաքագրել ենք բոլոր խնդիրների փաթեթը և տրվել է պաշտպանական գերատեսչությանը, որպեսզի ինքը այդ հարցի պատասխանները կամ զորակոչից առաջ տեղեկացնի մարդկանց, կամ էլ բացատրի, թե այդպիսի դեպքերում ինչպիսի լուծումներ կան տրված: Բնականաբար, եթե մարդն աշխատանքի վայրից զորակոչվում է, պետք է իր աշխատատեղն էլ պահվի, աշխատավարձն էլ պահվի»:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG