Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանների պնդմամբ` ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը ցույց են տալիս, որ ԶՈւ-ում փոփոխությունները կոսմետիկ են


Անցած մեկ շաբաթում Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան երկու դեպք է գրանցվել։ Մահացածներից մեկը՝ պահեստազորայինների վարժական հավաքների մասնակից էր, երկրորդը՝ պայմանագրային զինծառայող։

Կիրակի մահացած պայմանագրային զինծառայող Արշալույս Հովհաննիսյանը Վարդենիսից էր, 45 տարեկան: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ` նա հանկարծամահ է եղել, մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեռևս չի հաղորդվում՝ իրավապահները զբաղվում են այս դեպքով, թե ոչ։

Շաբաթվա կեսին էլ հաղորդվել էր վարժական հավաքների մասնակից, 44-ամյա Ատոմ Հարությունյանի մահվան մասին։ Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչը ևս, ըստ ռազմական գերատեսչության, հանկարծամահ էր եղել: Իրավապահները քննում են այս գործը, բայց մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Բանակի խնդիրներն ուսումնասիրող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով` այս տարի բանակում 38 զինվոր է մահացել, նրանցից 27-ը՝ ոչ մարտական պայմաններում։

«Դաժան պատերազմական գործողություններից հետո երբ դու ունենում ես ներքին խնդիրների հետևանքով մահվան դեպքեր, և դրանցից 23 տոկոսը` առողջական վիճակի պատճառով, 19 տոկոսը` սպանությունների ու ինքնասպանությունների պատճառով, ապա սա շատ լուրջ ցուցանիշներ են: Նախորդ ամբողջ տարվա ընթացքում մենք ունեցել ենք 17 մահվան դեպք առողջական վիճակի հետևանքով: Սա ուղղակի անհեթեթություն է», - նկատում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի իրավապաշտպան Արմինե Սադիկյանը:

Եռամսյա վարժանքներին մասնակցող տղամարդու կինն «Ազատությանը» պատմել էր, որ ամուսինը առողջական խնդիրներով էր մեկնել հավաքների, առանց պատշաճ բուժզննություն անցնելու։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչն ասում է՝ առողջական խնդիրների պատճառով այս տարի արդեն մահվան 9 դեպք է արձանագրվել, ինչն ընդհանուր մահերի 23 տոկոսն է։ Միգուցե մարդաքանակի խնդիր կա, ինչը, սակայն, այս կերպ լուծել չի կարելի, ասում է նա. «Բայց գիտեք, ոչ առողջ զինծառայողը ոչ միայն վտանգավոր է իր համար, ոչ միայն իր առողջական վիճակն է վտանգավոր, այլ ինքը կարող է վտանգավոր լինել մյուս ծառայողների համար: Սա պետք է հաշվի առնել, սա շատ կարևոր թեմա է, որը մենք մշտապես պահել ենք օրակարգում, և կարող եմ ասել, որ բացի որոշակի կոսմետիկ փոփոխություններից, համակարգային փոփոխություն այս բնագավառում տեղի չի ունենում:

Բժշկական զննության գործընթացը ևս չի իրականացվում պատշաճ կերպով, այնպես, ինչպես մյուս բնագավառների զինված ուժերում մյուս գործընթացների կազմակերպումը չի իրականացվում պատշաճ կարգով»:

«Բա դուք չե՞ք մտածում` այդ խրամատը, այդ դիրքերը կահավորեք». իրավապաշտպան

Մինչ պատերազմից հետո իշխանությունները պարբերաբար հայտարարում են, թե բարեփոխում են Զինված ուժերը, իրավապաշտպանները, բանակում արձանագրված միջադեպերը մատնացույց անելով, պնդում են, թե այդ բարեփոխումները արդյունավետ չեն։

«Պատերազմ է եղել, այդքան զոհեր ենք ունեցել, ինչպե՞ս դուք կարող եք հիմա էլ թողնել, որ այդ զոհերը հա շարունակվեն: Օրինակ` վերջին մարտական գործողությունները ցուցյ տվեցին, որ դիրքերը կահավորված չէին, խրամատներ չկային, զինվորները վրանների մեջ էին, և նրանց հեշտությամբ թշնամին սպանում էր: Բա դուք չե՞ք մտածում` այդ խրամատը, այդ դիրքերը կահավորեք, ամբողջ օրը խոսում եք դրա մասին:

Հիմա դուք զորահավաքներ եք անում, դուք պատասխանատվություն ունեք ամեն մարդու կյանքի համար: Ինչպե՞ս կարող եք այսպես թողնել ու գրել` հանկարծամահ են: Դրանով իրենք իրենց պաշտպանում են», - ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Նա ևս տարիներ շարունակում հետևում է բանակում արձանագրված միջադեպերին. տարակուսած է՝ ինչպե՞ս կարող է պատերազմից հետո Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում անընդհատ մահեր լինել: Դա, ըստ նրա, խոսում է Զինված ուժերի նկատմամբ իշխանության թողտվության ու անպատասխանատվության մասին։

«Եվ չկան դեղամիջոցներ, ինչպես մենք տեսանք: Չեմ կարծում, որ չունեն: Չունեն, թող ունենան», - նշում է իրավապաշտպանը:

Առայժմ անհայտ է վարժական հավաքների ևս մեկ մասնակցի ճակատագիրը, որին վերջին անգամ տեսել են Սևանում լողալիս։ Փրկարարները դեռ որոնում են նրան։ Պարզ չէ, թե ինչու էր նա հայտնվել Սևանում։

XS
SM
MD
LG