Մատչելիության հղումներ

Եռամսյա հերթական հավաքներն անցկացվում են խախտումներով. ահազանգում են մասնակիցներն ու իրավապաշտպանները


Ծանուցագիրը ստանալուն պես հենց նույն օրն էլ զորակոչում են՝ առանց բժշկական պատշաճ հետազոտության, այնինչ ծանուցումից մինչև հավաքի մեկնելը 20 օր ժամանակ պետք է տրվի, օրերս մեկնարկած հերթական եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն ու բանակի հարցերով զբաղվող կազմակերպություններն են ահազանգում այս խախտումների մասին։ Զորակոչված քաղաքացիները գերադասում են այս մասին խոսել առանց ներկայանալու։

Սյունիքի մարզի բնակիչը, որ երեք օր առաջ է ծանուցագիր ստացել, «Ազատությանը» պատմեց, որ փաստաթուղթը ստանալու նույն օրը՝ երկու ժամից պարտավոր է եղել ներկայանալ զինկոմիսարիատ։ Սահմանված ժամին գնացել է, բայց հրաժարվել է մեկնել զորամաս, փոխարենը դիմում է գրել՝ խնդրելով վկայակոչել օրենքի դրույթները, պատասխան դեռ չի ստացել. «Ժամը 5-ին ներկայացա այնտեղ, ու ինձ ասացին, որ գնա, պատրաստվի, մի ժամից դու արդեն զորակոչվում ես ինչ-որ զորամաս: Ես ասացի՝ ես՝ որպես օրինապահ քաղաքացի, դուք ինձ ծանուցումը տվել եք, ես ճիշտ ժամկետում ներկայացել եմ, խնդրում եմ՝ ձեզ դիմում հղելու հնարավորություն տվեք, ու ինձ թուղթ տվեցին, որտեղ ես ձևակերպեցի, որ օրենքի որ կետով են իրենք զորակոչվելուց երկու ժամ առաջ ինձ ծանուցում տվել, արդյոք թույլատրվում է պահեստազորի զորակոչվողին երկու ժամ առաջ ծանուցել, հետո նոր իրեն տանել ծառայության», -ասաց նա։

Բանակի խնդիրներով զբաղվող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանն ասում է՝ մի քանի օրվա ընթացքում իրենց արդեն տասը քաղաքացի է դիմել։ Նրանց բոլորին վարժական հավաքներին ներգրավելու մասին ծանուցագիրը տրամադրվել է հենց նույն՝ զորակոչվելու օրը։ Ոմանք գնացել են, ոմանք՝ հրաժարվել ներկայանալ։

«Քաղաքացիներին պետք է ենթարկեն բժշկական հետազոտության և փորձաքննության, ինչը ևս չի իրականացվում, վարժական հավաքների հայտարարումից հետո մեզ բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարել, ովքեր ունեն առողջական խնդիրներ, և որևէ բժշկական հետազոտություն չի անցկացվում, որևէ որոշում նրանց առողջական վիճակի վերաբերյալ չի կայացվում»,- նշեց նա։

Զինկոմիսարիատում դիմում գրած «Ազատության» զրուցակիցը ևս պատմեց, որ իրեն առաջարկել են մի քանի րոպեում բուժզննության ենթարկել, ապա ուղարկել զորամաս:

«Բա, դու արի, ես քեզ բանավոր պատասխանեմ, դու գնա, բժշկական զննություն անցի, որը երևի մի քանի րոպեում պետք է իրենք իրականացնեն, որովհետև ժամը 6-ին իրենք պետք է ինձ տեղափոխեին այդ զորամաս, ընդամենը ժամը 5-ն էր: Դուք ... կլինե՞ք, թե՞ ուղարկենք, դիմումից հետո դիմումի պատասխանը կտանք: Ես ասացի՝ խնդրում եմ ողջամիտ ժամկետում ինձ պատասխան տվեք, ասաց՝ ի՞նչ է նշանակում ողջամիտ ժամկետ: Ասում եմ՝ դուք ինչքա՞ն ժամանակում կարող եք իմ դիմումի պատասխանը տալ, ասում է՝ հնարավոր է օրեր տևի: Ասում եմ՝ բա ինչո՞ւ այդ օրերը դուք չեք պահում, որպեսզի եթե ես անհամաձայնություն ունենամ կամ որևէ խնդիր ունենամ, կարողանամ դիմել ու ձեզնից պատշաճ պատասխան ստանամ», - ասաց նա:

Անցած տարվանից մեկնարկած եռամսյա վարժական հավաքների ընթացքն ուսումնասիրած իրավապաշտպան Սադիկյանը նկատում է՝ պահեստազորում հաշվառվածների տվյալները թարմացման կարիք ունեն, այդ տղամարդիկ 10-15 տարի առաջ են վերջին անգամ գործ ունեցել Զինված ուժերի հետ։ Երբեմն բժշկական լուրջ հետազոտությունների կարիք ունեցող մարդկանց են կանչում ծառայության։

«Մեկ հոգի դիմել է, ընտանիքի անդամն է դիմել, որովհետև ինքն արդեն իսկ զորակոչվել է հենց նույն օրը, և առողջական վիճակը վատթարացել է: Բնականաբար, ինքը չի կարող դիմել, ես ինչքանով տեղեկացա, տեղափոխել են զինվորական հոսպիտալ, և այլևս տեղեկություն այս պահին չունեմ», - նշեց նա:

Իրավապաշտպանը հիշեցնում է նախորդ հավաքի ժամանակ՝ ամռանը տեղի ունեցած մահվան դեպքը։ Լոռու մարզից զորակոչված տղամարդը օրեր անց մահացել էր հիվանդության պատճառով։ Ընտանիքը պատմել էր՝ զինկոմիսարիատում հաշվի չէին առել նրա պնդումները, որ խնդիրներ ունի. «Եթե իրականացվեն այդ հետազոտությունները, շատ դեպքերում անցանկալի մահերը կարող են կանխվել»:

Իրավապաշտպանը այլ խնդիրներ էլ է թվարկում՝ օրինակ, ռազմական գերատեսչությունը զորակոչում է նաև բազմազավակ, հաշմանդամ երեխաներ ու ծնողներ ունեցողներին՝ ընտանիքին թողնելով առանց հիմնական կերակրողի։ Հատկացվող փոխհատուցումները բավարար չենՙ ամսական 120 հազարից 200 հազար դրամ գումար են ստանում։ Իսկ նման ընտանիքներին արտոնություն տալու իրենց առաջարկներն անտեսվում են։

Պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանում իրավապաշտպանների ու քաղաքացիների բողոքները, գերատեսչության խոսնակը միայն ասաց՝ բոլոր ահազանգերն ուսումնասիրվում են։ Թե քանիսն են դրանք և ինչ խնդիրների մասին, չեն պարզաբանում։

Վարժական հավաքներն անցկացվում են 44-օրյա պատերազմից հետո՝ պահեստազորի ռեսուրսն ակտիվացնելու ու զարգացնելու համար։ Այժմ դրանց հինգերորդ փուլն է։ Այս անգամվա հավաքը հաջորդում է սեպտեմբերյան արյունալի բախումներին, երբ հայկական կողմը 200-ից ավելի զոհ տվեց։ Ամեն հավաքին հազարից ավելի պահեստազորային է մասնակցում։ Այս մեկին նախատեսվում է երեք անգամ ավելի շատ մարդ զորակոչել։

XS
SM
MD
LG