Մատչելիության հղումներ

Պայթյուն Ղրիմի կամրջի վրա. փլուզվել է ճանապարհի մի մասը


Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի թերակղզու Կերչի կամրջի վրա։ Հրդեհի ճիրաններում է հայտնվել կամրջով անցնող բեռնատար գնացքը, մասամբ փլուզել է ճանապարհը։ Հրդեհն ամբողջությամբ մարվել է երեք ժամ անց։

Մինչ այս պահը ռուսական կողմը հաղորդել է «բեռնատար գնացքի պայթյունի հետևանքով» երեք զոհի մասին։

«Ենթադրվում է, որ նրանք մարդատար մեքենայի ուղևորներ են, որը գտնվում էր պայթեցված բեռնատարի մոտ: Երկու զոհերի՝ տղամարդու և կնոջ մարմիններն արդեն դուրս են բերվել ջրից, և նրանց ինքնությունը պարզվում է»,- ասվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Գերատեսչությունը հայտնում է նաև, որ պարզել են Ռուսաստանի հարավային Կրասնոդարի երկրամասում գրանցված բեռնատարի և նրա սեփականատիրոջ տվյալները, և այժմ խուզարկում են նրա բնակության վայրը։ Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարության համաձայն «պայթեցվել է Ղրիմի կամրջով անցնող վառելիք տեղափոխող բեռնատար գնացքը»։

«Արտակարգ իրավիճակի» կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի առնչությամբ», թե որ հոդվածով՝ չի հաղորդվում։

Թերակղզու իշխանությունների հայտարարությունների համաձայն ՝ կամրջով երթևեկությունը և դեպի Ղրիմ երկաթուղային տոմսերի վաճառքը դադարեցվել է։ Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովի խոսքերով՝ վնասել է կամրջի ճանապարհահատվածը, սակայն վնասը «լուրջ բնույթ չի կրում» և «օպերատիվ կերպով կվերականգնվի»։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, թվիթերյան գրառմամբ անուղղակի հաստատել է Կիևի մասնակցությունը պայթյունին, կամուրջի պայթյունը անվանելով «սկիզբ»։

«Ղրիմ, կամուրջ, սկիզբ»,- գրել է ուկրաինացի պաշտոնյան՝ պնդելով, որ «ապօրինի ամեն բան պետք է ոչնչացվի»։ Ուկրաինայում ավելի քան յոթ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում ուկրաինացի զինվորականները բազմիցս հայտարարել են, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Ղրիմի կամուրջը կդառնա «թիվ մեկ թիրախը»։

Meduza-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը ռուսական լրատվամիջոցներին կարգադրել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի մասին գրելիս «շեշտել, որ կամուրջը չի քանդվել, այլ վնասվել է միայն ճանապարհի պաստառն ու երկաթուղու հատվածները»։

Ռուսաստանը Ղրիմին կապող Կիրչի կամուրջը շահագործման է հանձնվել երեք տարի առաջ։ Պատերազմի ընթացքում ռուսական կողմն այն օգտագործում էր դեպի Ուկրաինա զորք, զինտեխնիկա, վառելիք տեղափոխելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG