Հնարավոր և անհնարին բոլոր ճանապարհներով Հայաստանը պետք է իր զինված ուժերի մարտական խնդիրներին միտված սպառազինության հարցերը լուծի և կլուծի, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով զենքի մատակարարման խնդիրներին։
Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր դժգոհել, թե Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ ունեցող Հայաստանը որոշ դեպքերում զենքի դիմաց վճարել է, սակայն այդ զենքի մատակարարումը այդպես էլ տեղի չի ունեցել, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Փաշինյանը, սակայն փակագծեր չբացեց, թե որ դաշնակից երկրի մասին է խոսքը՝ չբացառելով, որ այս հարցում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են դերակատարում ունենալ։
Քոչարյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Վարչապետն ասաց, որ 100 միլիոնավոր դոլարներ են փոխանցվել, բայց զենքը չի մատակարարվել։ Վարչապետի խոսքից կարելի է եզրակացնել, որ խոսքը Ռուսաստանի մասին է։ Ձեր հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանն ասաց, որ Ռուսաստանը պատերազմից հետո Հայաստանին զենք չի վաճառել։ Ի՞նչ է կատարվում, պարոն Քոչարյան, ինչպե՞ս հասկանանք այս ամենը։
Քոչարյան․ - Դուք մոռացե՞լ եք՝ նախկինում ոնց էին այդ խնդիրները լուծվում, երբ որ Ռուսաստանից զենքի մատակարարում կար, մատակարարում կար նաև Ադրբեջանին, և նախկինում էլ, երբ որ Ռուսաստանն Ադրբեջանին 5 մլրդ դոլարի զենք էր վաճառում, Հայաստանի քաղաքական իշխանություններն այն ժամանակ չկարողացան Ռուսաստանին համոզեն, կամ այնպես անեն, որ այդ մատակարարումներն իրականություն չդառնան, բայց հիմա տեսնում ենք, որ գուցե և Ադրբեջանին, բայց միայն Ադրբեջանով չի, Թուրքիային նաև հաջողվում է այս իրավիճակում համոզել Ռուսաստանին, որպեսզի գուցե ոչ թե չմատակարարի, այլ նաև հաշվի առնելով օբյեկտիվ իրողությունները ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, այդ մատակարարումները գուցե դանդաղել են։ Բայց դա իրականություն չդառանալ չի կարող, որովհետև ինչպես նշել է վարչապետը, մենք այնուամենայնիվ տվյալ մատակարարման համար մեր պարտավորությունները կատարել ենք՝ ֆինանսավորումը ժամանակին փոխանցելու առումով։ Հիմա մատակարարման խնդիրները պետք է դառնան իրականություն, կամ եթե դա չի դառնում իրականություն, դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը սպասելու է, թե մեկ աղբյուրից եկող սպառազինության խնդիրները թե չի լուծվում, ապա այլ ինչ ճանապարհներ կան, և այդ ճանապարհների փնտրտուքը մշտական է լինելու, հնարավոր և անհնարին բոլոր ճանապարհներով Հայաստանը պետք է իր Զինված ուժերի մարտական խնդիրներին միտված սպառազինության հարցերը լուծի և կլուծի։ Երբ որ ես ասում եմ՝ պետք է լուծի, հիմա շետերը կասեն՝ «պետք են շատ եք օգտագործում», բա ի՞նչ եք ասում, առանց սպառազինության հնարավո՞ր է նման իրողություններում բանակը պահել մարտունակ վիճակում։
«Ազատություն»․ - Պարոն Քոչարյան, հիմա հստակ ասեք, Ռուսաստանը փաստորեն փողը ստացել է, բայց հիմա հրաժարվում է զենքը տալ, այդպե՞ս է, թե՞ ոչ։
Քոչարյան․ - Չէ, ես չեմ կարող նման պնդում անել, որովհետև ես ինքս նամակագրություն ունեմ Ռուսաստանի դումայում իմ կոլեգայի հետ, գեներալ գնդապետ Կարտապոլովի հետ, և ես կարծում եմ, որ նամակագրությունը գոնե ինձ հույս է տալիս, որ խնդիրների լուծման մեջ մենք պետք է կարողանանք նաև հաղթահարենք այն խոչընդոտները, որը նաև ստեղծում են կողքից, ինչպես նաև Դուք եք նկատում։ Ես վստահ եմ, որ նաև խոչընդոտներ ստեղծում են Ադրբեջանի և Թուրքիայի ոչ միայն հատուկ ծառայությունները, այլ նաև քաղաքական իշխանությունները, բայց էդ խոչընդոտները պետք է չխանգարեն մեր ռազմավարական գործընկեոջ հետ նման խնդրի լուծում իրականություն դարձնելու, կամ եթե դա իրականություն չի դառնում, ուրեմն մենք պետք է հետևություններ անենք և չթղնենք մեր ժողովրդին անպաշտպան։
Քոչարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․