Մատչելիության հղումներ

Զենքի մատակարարումը ձախողելու համար իշխանականները մեղադրում են «դաշնակցին», ընդդիմադիրները՝ Փաշինյանին


Ինչո՞ւ դաշնակից երկրները Հայաստանին չեն մատակարարում նախապես գնված զենքը, ինչի մասին երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան

Իշխանական պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը երկու պատճառ է մատնանշում՝ Ադրբեջանի գործոնը, որն ամեն ինչ անում է, որ Հայաստանին զենք չվաճառեն, և աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմը. - «Ցավոք սրտի, այդ զենքի մատակարարումները ուշանում են, ինչը մենք այսօր չենք կարող հանդուրժել։ Եվ հենց դաշնակից երկրներ կան, այո, որ ուշացման պատճառները հենց իրենք են։ Ուշացման պատճառները տարբեր կարող են լինել։ Չի բացառվում, իհարկե, հենց Ադրբեջանի գործոնը, որն ամեն ինչ անելու է, որ Հայաստանի Հանրապետությունը զենք չձեռք բերի։ Բայց նաև, հաշվի առնելով այն հանգամանքները, որ աշխարհաքաղաքական իրադրությամբ պայմանավորված մի շարք իրողություններ ունենք այսօր, և պատերազմական գործողություններ են ընթանում տարբեր վայրերում, զենքի սղությունը պայմանավորված է նաև սրանով, և մարդիկ ավելի շատ էդ զենքը փորձում են իրենք օգտագործել, ոչ թե պայմանագրային պարտավորությունները կատարել և տալ։ Բայց որևէ պատճառ չի կարող հարգելի լինել, որովհետև զենքը դա ազգային անվտանգության հարց է, պետականությունը պահպանելու հարց է, և զենք չմատակարարելով այդ պարտավորությունները չկատարողները քաջ գիտակցում են, թե զենքը չմատակարարելով ինչ հետևանքներ կարող են առաջանալ Հայաստանի Հանրապետության համար»։

Արդյո՞ք Հայաստանի բացթողումը չէ, որ Ադրբեջանը կարող ազդել դաշնակիցների վրա, որոպեսզի նրանք չկատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները։ Արմեն Խաչատարյանն ասում է, թե պետք է իրատես լինել, դաշնակիցներն այսօր առաջնորդվում են աշխարհաքաղաքական իրենց շահերով. - «Մեր դաշնակիցները լուրջ շահեր և կապեր ունեն նաև Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, և հարց է, թե որ շահերն են ավելի գերադասելի և գերակա։ Իհարկե սա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք և սպասենք տեսնենք Ադրբեջանը հաջորդ քայլը ինչ է անելու։ Մենք էլ արդեն այլ երկրների հետ այլ շահեր ենք արդեն առաջ քաշում, մենք էլ մեր շահը փորձում ենք այլ կերպ առաջ տանել և այդ զենքը ձեռք բերել։ Բայց ամենամեծ, ցավալի փաստը այն է, որ հենց դաշնակից երկրներն են խոչընդոտում մեր զենքի ձեռք բերման գործընթացը»։

Մինչդեռ դաշնակիցների կողմից Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելու համար ընդդիմությունը մեղավոր է համարում հենց Նիկոլ Փաշինյանին։

Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի անդամ Հայկ Մամիջանյանը հարցնում է՝ ինչո՞ւ Հայաստանի նախկին երեք նախագահներին հաջողվում էր զենքի ձեքռ բերման հարցերը լուծել, անգամ անվճար, իսկ Փաշինյանին՝ ոչ. - «Միայն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք հիսուն հազար տոննա աջակցություն անվճար տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը սպառազինության տեսքով։ Այսինքն՝ էդ ո՞նց ստացվեց, որ մինչ այդ երկրի երեք ղեկավարների հաջողվել է զենք բերել Հայաստան, հենց սրա վրա տեղի ունեցավ որոշակի փոփոխություն։ Կարծում եմ, խնդիրը ամեն դեպքում Փաշինյանի մեջ է»։

Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան

Դիտարկմանը, թե գուցե դեր ունի այն, որ Ռուսաստանը պատերազմի մեջ է, Մամիջանյանն արձագանքեց. - «Ռուսաստանը ուկրաինական կրիզիսի ուղղակի փուլի մեջ ներգրավված է փետրվար ամսից։ Նիկոլ Վովայի Փաշինյանը Հայաստանում, ցավոք սրտի, իշխանավարում է 2018 թվականի մայիսից։ Արանքը էնտեղ բավականաչափ ժամանակահատված կար»։

Ինչո՞ւ անցած երկու տարիների ընթացքում Հայաստանը դաշնակից Ռուսաստանից բացի, այլ երկրներից չի փորձել զենք ձեռք բերել։ Արմեն Խաչատրյանի պնդմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո այդ ուղղությամբ գործըթացներ տեղի են ունեցել, և այն, որ հիմա Հնդկաստանից զենք ձեռք բերելու մասին է խոսվում, դա մի քանի տարվա աշխատանքի արդյունք է. - «Դա առնվազն երկու տարվա աշխատանք է։ Զենքը տեսնում են, ընտրում են, փորձարկում են, բանակցությունները վարում են, պայմանագրերը կնքում են։ Հետո էդ զենքը արտադրում են, հետո ուղարկում են... Դա շատ երկար պրոցես է։ Ընդհանրապես զենքի ձեռք բերման պրոցեսը եթե օրինական ճանապարհով է դա արվում, շատ երկար պրոցես է։ Եվ հիմա էլ պրոցեսներ են գնում, որոնց արդյունքը մենք տեսնելու ենք մի տարի հետո, վեց ամիս հետո»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Հայաստանը հարևան Իրանից չի փորձում զենք ձեռք բերել, ապա Պաշտպանության հանձանաժողովի իշխանական պատգամավորը չի թաքցնում՝ եթե խոչընդոտներ այս հարցում եղել են, ապա պատճառը Հայաստանը չէ. - «Կարծիք է ստեղծվել մեր մոտ, որ Իրանը անընդհատ ուզում է մեզ զենք մատակարարել, և մենք դեմ ենք դրան։ Նման բան չկա։ Եթե որևէ մեկը ուզեր մեզ զենք մատակարարել, հաստատ արդեն մատակարարած կլիներ։ Ինչ զենք էլ լինի այսօր, մեր համար դա անհրաժեշտ է, սկսած ամենատարրական զինատեսակներից, որ պետք են բանակին, վերջացրած նորագույն տեխնոլոգիաներով։ Մենք միշտ էլ պատրաստ ենք զենքը առնել։ Եթե խոչընդոտ եղել է, դա հաստատ մեզնից չի եղել»։

Այս պահին, ըստ պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամի, Հայաստանը Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր չունի, բայց այդ ուղղությամբ ևս քննարկումներ ընթանում են։

XS
SM
MD
LG