Միայն դիվանագիտական ջանքերը և զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող են լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար, հայտարարել է Ռուսաստանի դեսպանը՝ Գեղարքունիքի մարզում շրջայցի ժամանակ:
«Մենք առաջնորդվում ենք նրանով, որ միայն դիվանագիտական ջանքերը այն բոլոր եռակողմ պայմանավորվածությունների հետ մեկտեղ, որ ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին, և զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող են լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար», - մասնավորապես նշել է ռուս դիվանագետը:
Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է նաև. «Իհարկե, այս ամեն ինչը շատ ողբերգական է, ես նույն բանը երեկ տեսա նաև Ջերմուկում ու Գորիսում, և իհարկե, սա ավելի է ամրապնդում Ռուսաստանի այն դիրքորոշումը, որ ուժի կիրառումը ճանապարհ է, որը չի կարող խնդիրների հանուգացլուծմանը բերել»։
Անդրադառնալով հայկական կողմի դժգոհություններին, որ Ռուսաստանը բավարար աջակցություն չի ցուցաբերում Հայաստանին, ՌԴ դեսպանն արձագանքել է՝ «համաձայն չեմ»:
«Իհարկե, այս ողբերգական իրավիճակում կարող են տարբեր ակնկալիքներ լինեն, մենք դա հասկանում ենք, բայց Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի 20 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ մեկնարկած քաղաքական կարգավորման գործընթացը շարունակվի՝ անկախ բոլոր խնդիրներից ու տարաձայնություններից։ Շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ՝ կողմերի հետ համագործակցելով, որպեսզի ընդհանուր մոտեցումներ ձևավորվեն։ Դա հեշտ չէ, մեծ ջանքեր է պահանջում, բայց շարունակում ենք աշխատել», - ասել է Կոպիրկինը՝ շարունակելով, - «իսկ զենքի մատակարարման մասին պատրաստ չեմ մեկնաբանություն տալ՝ հաշվի առնելով, որ դա զգայուն հարց է, դա պետք է անեն պրոֆեսիոնալները»:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը երեկ էլ եղել է Գորիսում և Ջերմուկում։ Ռուս դիվանագետը հանդիպել է տեղում հայկական զորամիավորումների հրամանատարների հետ, ծանոթացել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, սեպտեմբերի 13-14-ի կրակոցների ժամանակ սահմանամերձ համայնքների կրած վնասներին։