Երեկ Հայաստանի սահմանին տեղի ունեցածն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որոշ մանրամսներ ներկայացնելով։
Ըստ վարչապետի՝ Հայաստանի զինված ուժերը երեկ սահմանին՝ Հայաստանի տարածքում, ինժեներական աշխատանքներ են իրականացրել, իսկ հարվածներ հասցրած ադրբեջանական ստորաբաժանումները ևս գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում։
«Ադրբեջանի Զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»
Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է և աներկբա՝ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության տարածքից, հայտարարեց վարչապետը՝ նկատելով՝ Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ Հայաստանը հնարավորություն չունենա իրականացնել բանակի բարեփոխումների ծրագիրը։
«Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի»
Անդրադառնալով զենքի մատակարարումներին՝ Փաշինյանն ասաց՝ Ադրբեջանը փորձում է, որտեղ հնարավոր է, այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի։
«Մենք դեպքեր ունենք, երբ որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարվել են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարման պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից, սա իհարկե ցավալի իրողություն է, և մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ այս ամենը տեղի է ունենում մեկ նպատակով, որ Հայաստանը հրաժարվի իր պետականությունից, ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից զիջումներ անի։
«Մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու գործում», - ասաց Փաշինյանը։
Համաձայնելով միջազգային կոչերին, որ հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական, խաղաղ ճանապարհով՝ գործադիրի ղեկավարը վերահաստատեց երեկվա իր հայտարարությունը՝ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության։
Երեկ երեկոյան Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը 3 զոհ ունի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդել է, թե հայկական կողմն է խախտել հրադադարը: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ վիրավորի մասին: