Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ երեկ Սպիտակ տանը տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
«Կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը», - ասված է Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրությունում:
Հանդիպման մասին Թվիթերում գրառում է կատարել նաև Ջեյք Սալիվանը։
«Ուղիղ և կառուցողական զրույցի համար այսօր հյուրընկալել եմ Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին։ Մենք քննարկել ենք հետագա բռնություններից խուսափելու և ժամանակին և կենտրոնացված բանակցություններ վարելու կարևորությունը: Մենք նաև հստակ քայլեր ենք նախանշել՝ կայուն և հարատև խաղաղության հասնելու համար», - գրել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի միջև այս տարի երեք հանդիպում էր կայացել Բրյուսելում՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Մարտերի հետևանքով հայկական կողմի զոհվածների և անհետ կորածների պաշտոնապես հրապարակված թիվը 207 է, Բաքուն 80 զոհի մասին է տեղեկացրել։ Պաշտոնական տվյալներով՝ վերջին մարտերից հետո հայկական կողմն ունի առնվազն 20 ռազմագերի։
Այս ընթացքում հրադադարի խախտման մի քանի դեպք է արձանագրվել, երկու կողմից զինծառայողներ են վիրավորվել: