Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, Հայաստանի իշխանությունները՝ հունական կղզիներում հողեր. Փաշինյան


Երբ Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր՝ հունական կղզիներում, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խորհրդարանում է՝ ներկայացնելու Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Ներկայացնելով 2017 թվականին արված մի վերլուծություն՝ ֆինանսավորված այն ժամանակ գործող իշխանությունների կողմից՝ Փաշինյանը նշեց՝ կրիտիկական ենթակառուցվածների զարգացման տեսակարար կշռով Հայաստանը պայմանական միավորով 10-1 հաշվով զիջել է Ադրբեջանին։ Կրկին վկայակոչելով այդ վերլուծությունը՝ վարչապետը նշեց՝ Հայաստանում ռազմաարդյունաբերական համակարգը սկսել է ձևավորվել 2016 թվականի ապրիլից, Ադրբեջանից 11 տարի ուշացումով։

«2017 թվականին Ադրբեջանն ուներ երկու արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական, որը գնել էր։ Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր։ Ուրեմն պետք է արձանագրել, որ նրանք տանուլ են տվել պետության ինստիտուցիոնալ կայացման հարցում՝ պետությունը վերածելով մի մաֆիոզ կառույցի, որը քամում է Հայաստանի կենսական միջոցները, ու էդ մաֆիոզ կառույցները մինչև էսօր իրենց շոշափուկներն ունեն ամենուր՝ սկսած դատական համակարգից, վերջացրած, ցավոք սրտի, մինչև անգամ Զինված ուժերում», - հայտարարեց Փաշինյանն՝ ընդգծելով․ - «Մենք պետք է արձանագրենք, որ մենք կռիվ ենք տվել ընդդեմ այդ 20-ամյա դավաճանության, ընդդեմ 20-ամյա կապիտուլյացիայի։ Բայց նույնիսկ բուն կռվի և պատերազմի ժամանակ նրանք պաշտպանել են իրենց պարտությունը՝ մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով դավաճան, որ իրենց դավաճանությունը քողարկեն, մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով կապիտուլյանտ, որի իրենց կապիտուլյացիայից ուշադրությունը շեղեն։ Կապիտուլյանտը դուք եք, դավաճանն՝ առավել ևս, ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային, իսկ մենք ամեն օր երբեմն կենաց մահու կռիվ ենք տվել ձեր կապիտուլյացիայի և դավաճանության դեմ, և ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ շարունակելու ենք մեր պայքարը հանուն ազատ, հզոր և երջանիկ Հայաստանի»։

Լելե Թեփեի վրա գրոհի առաջարկը և որոշումը եղել է գեներալներինը

Փաշինյանն այսօր վստահեցրեց՝ Լելե Թեփեի վրա գրոհի առաջարկը և որոշումը եղել է գեներալներինը, ինքը կարծիք այդ մասին երբեք չի հայտնել։

«Ասում են՝ ես որոշում եմ կայացրել՝ այ Սերժ Սարգսյանը Լելե Թեփեն հանձնել ա, ես ասել եմ՝ «գնացեք, գրավեք», և էդ համատեքստում 700 զոհ է եղել։ Կատարյալ անհեթեթություն։ Էդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու, իրականացնելու հնարավորությունը կայացրել է գեներալ, և այդ որոշումը կայացրել է գեներալ, և այնպիսի գեներալներ, որոնք էդ պահին էդ որոշումն իրականացնելու հնարավորությունն ունեցել են։ Այո՛, ես քննարկումների մի հատվածին ներկա եմ եղել, ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և սեփական կարծիք չեմ հայտնել, ես հարցրել եմ՝ «դու ի՞նչ կարծիքի ես, դու ի՞նչ կարծիքի ես», և ամենաբարձրաստիճանին եմ հարցրել, ասել ա՝ «լավ միտք ա», որից հետո տվել ա հանձնարարական, գնահատել ա իրադրությունը, զեկուցել և ասել է, «այո՛, դա պետք է և կարելի է անել»։

Ինչ վերաբերում է պատերազմի դրվագներին, ապա, ըստ վարչապետի, դրանք պետք է օբյեկտիվ քննվեն․ - «Ես պատրաստ եմ սկսած իմ բոլոր գործողություններից, վերջացրած բոլորի գործողություններով, բայց դա պետք է լինի օբյեկտիվ քննություն»։

Քննարկվում է Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու հարցը

Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ- ռուսական ռազմական դաշինքն է, նշեց վարչապետը՝ ընդգծելով՝ դրանք ամրապնդված են մի քանի տասնյակ ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով։

«Այս առումով Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու համակարգերը ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է՝ հարձակում Ռուսաստանի վրա, և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերները», - ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ այս համատեքստում մեկնարկել է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը կներառի նախ կառուցվածքային, ապա՝ բովանդակային փոփոխություններ։

«Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք Հայաստանի Հանրապետության անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը պետք է էականորեն կարողանանք փոխել։ Բացի դա, մենք քննարկում ենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, նաև արդյունավետ քննարկումներ ենք ունենում Ռուսաստանի մեր գործընկերների հետ Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ունենալու վերաբերյալ։

Հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պաշտպանությունը, որն իրականացնում է Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացարձակապես մարտական պատրաստության և մարտունակության բարձրացման հարցերով։ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG