Մատչելիության հղումներ

Շոլց. «Ուկրաինան, Մոլդովան և հեռանկարում՝ Վրաստանը պետք է միանան ԵՄ-ին»


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կարլի համալսարանում, Պրահա, 29-ը օգոստոսի, 2022թ.
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կարլի համալսարանում, Պրահա, 29-ը օգոստոսի, 2022թ.

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Պրահայում՝ Կարլի համալսարանի դահլիճում հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է ռուս - ուկրաինական պատերաազմին:

Նա հավաստիացրել է, որ Գերմանիան անվերապահորեն կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային: Նա դատապարտել է հարևանների նկատմամբ Ռուսաստանի վարած ագրեսիվ քաղաքականությունը: Շոլցը կարևորել է Եվրոպայի միասնությունը:

«Ամենակարևորն այն է, որ մենք միասին պահպանենք միացյալ Եվրոպայի գաղափարը: Դրա համար էլ մենք տնտեսական, ֆինանսական, քաղաքական, մարդասիրական և ռազմական եղանակով պաշտպանում ենք հարվածի տակ հայտնված Ուկրաինան: Գերմանիան այս հարցում հիրավի արմատապես փոխվել է անցած մի քանի ամսում: Եվ մենք կշարունակենք մեր աջակցությունը, որը կլինի հուսալի ու կտևի այնքան, որքան անհրաժեշտ է», - հավաստիացրել է կանցլերը:

Շոլցի խոսքով՝ Բեռլինը Կիևին կտրամադրի պաշտպանական նշանակության գերարդիական արդյունավետ զինատեսակներ:

Նա ասել է, որ Գերմանիան մտադիր է նաև իր պաշտպանական ծախսերն ավելացնել: Ռուս - ուկրաինական պատերազմից առաջ Բունդեսվերի բյուջեն ավելացնելու գաղափարը գերմանացիների շրջանում մեծ աջակցություն չի ունեցել:

Ապա կանցլերը խոսել է Եվրոպական միության ընդարձակման հեռանկարի մասին՝ հայտարարելով, որ հարկ է արմատական բարեփոխումներ իրականացնել Միությունում և պատրաստվել նոր անդամներ ընդունելուն:

Դրանք, ըստ կանցլերի, կլինեն Արևմտյան Բալկանների երկրները, Ուկրաինան, Մոլդովան և հեռանկարում՝ Վրաստանը:

«Այդ ընդարձակումը բխում է Եվրամիության շահերից: Եվրոպան միավորված է խաղաղությամբ և ազատությամբ և բաց է այդ արժեքները դավանող երկրների համար: Այս օրերին նորից հարց է ծագում, թե որտեղո՞վ պետք է անցնի բաժանարար գիծն ազատ Եվրոպայի և նեոիմպերիալիստական ինքնակալության միջև», - ասել է կանցլեր Օլաֆ Շոլցը Պրահայի Կարլի համալսարանում:

XS
SM
MD
LG